Foto

Շահույթ ստանալու միջոց, թե՞ պողպատե մուրճի խոստացված հարված

Կառավարության հուլիսի 12-ին արտահերթ նիստում հավանություն տվեց և անհետաձգելի համարվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծը, որով տուրք է սահմանվում պղնձի, մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի արտահանման լիցենզիայի տրամադրման համար։

Միջազգային շուկայում պղնձի գինը էականորեն աճել է՝ ներկայում հասնելով 9225 դոլարի։ Նախագծի հեղինակ էկոնոմիկայի նախարարությունը նշել է, որ անգամ եթե պղնձի գինը կազմի 7500 դոլար ու պետական տուրքը վճարվի, միեւնույն է, ոլորտը կշարունակի մնալ շահութաբեր։ Առաջարկվող նախագծով տուրքի չափը կլինի 15 տոկոս՝ ըստ Լոնդոնի մետաղական բորսայում պղնձի ու մոլիբդենի խտանյութի գնի:

Ակնկալվում է, որ այս կարգավորման արդյունքում տարեկան 72 միլիարդ դրամ ավելի եկամուտ կմուտքագրվի բյուջե, իսկ կոնկրետ այս տարի՝ 30-35 միլիարդ դրամ։ Միևնույն ժամանակ՝ եթե պղնձի գինը նվազի 7500 դոլարից, ապա տուրքը կվերանայվի՝ դեպի նվազում:

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ մոտ 40 տոննա պղինձ գտնվում է մաքսակետում և աշխատակիցները առանց, որևէ հիմնավորման թույլ չեն տալիս, որ արտահանվի․ «Այս 12 օրում արդեն մոտ 20 մլն դոլար չի մտել ՀՀ և դա կարող է երկրում տարադրամի կուրսի տատանման հանգեցնել։ Այսօր սահմանին կուտակված է շուրջ 40 վագոն խտանյութ»։

Հիմնավորման համաձայն, նախագիծը կլինի ժամանակավոր լուծում` մինչև ոլորտին վերաբերող քաղաքականության ամբողջական և խորքային վերանայումը` բոլոր ոլորտային գերատեսչությունների ներգրավմամբ:

Ծրագրի երկարաժամկետ ներդրմամբ նախատեսվում է վերանայել ոլորտին վերաբերող հարկային քաղաքականությունը` ընդերքի օգտագործումից գեներացվող գերշահույթի արդյունավետ հարկումը ապահովելու համար: Նախատեսվում է ստեղծել «Սուվերեն հարստության ֆոնդ» ներդրումային հիմնադրամ, որտեղ կուղղվի նշված քաղաքականության վերանայումից առաջացող եկամուտը: Թե ֆոնդի կառավարիչն ո՞վ է լինելու և ե՞րբ է ստեղծվելու նախագծի հեղինակ Էկոնոմիկայի նախարարությունը չի նշում, բայց հարկման քաղաքականությունը փոխվելու է հիմա, եթե իհարկե ԱԺ-ն հավանություն տա նախագծին։

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով օրինագծին, նշել է. «Նպատակների հետ կապված ունենք 100 տոկոսանոց կոնսենսուս, բայց այս գործիքի աշխատանքի մասով, այնուամենայնիվ, ռիսկեր ենք տեսնում»: Սակայն վարչապետի պաշտոնակատարն ասում է, որ դրանք կառավարելի են․ «Ես հասկանում եմ բոլոր հնարավոր ռիսկերը, և այդ օրակարգի համար ինչ օրենքի, կարգավորումների փոփոխություններ են անհրաժեշտ՝ աշխատեք իրականացել: Մեկը մյուսի հետ կապ չունի»:

 ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Միքայել Մելքոնյանն ասում է, որ Կառավարությունը այս հարցն առաջ է բերել այն պատրվակով, որ պղնձի գները կտրուկ աճել են․ «Նախկինում պղնձի գինը 6-7 հազար դոլլար էր, իսկ հիմա գերազանցում է 9 հազար դոլլարը։ Սա նշանակում է, որ կոմբինատը լրացուցիչ շահույթ է ստանում, ուստի պետությունը որոշել է հարկել և լրացուցիչ հարկատեսակ է ավելացրել, բայց հիմանկան հարկատեսակը ռոյալթին է՝ 4%շրջանառություն + 12,5 % շահութահարկ։ Հանքը ժողովրդին է, շահագործման իրավունքը տրված է բիզնես կառույցին և եթե կառույցը լրացուցիչ եկամուտ է ստանում, ապա պետությունը իրավասու է լրացուցիչ հարկելու։ Հիմա լրացուցիչ տուրք է դնում, որով բյուջե կմտնի մոտ 80 մլրդ դրամ»,- նշեց Մելքոնյանը և հավելեց, որ այստեղ այլ խնդիր է կա՝ բարձանել ռոյալթին, թե լրացուցիչ հարկատեսակ ավելացնել․« Կարծում եմ պետք է ռոյալթի բանաձևում փոփոխություն անել՝ կիրառել ոչ թե լրացուցիչ տուրք այլ հարկային օրենսգրքում փոփոխություն անել»։ Մելքոնյանը ասում է, որ քննարկելի հարցերի շատ կան, որտե՞ղ և ո՞ր օրենքում գնալ փոփոխությունների, բայց որ միջազգային շուկայում գներն աճել են և պետությունը պետք է դրանից ևս օգուտ ստանա, դա փաստ է։ Կարծում է նաև՝ պղնձի խտանյութի արտահանումն այս պահին կասեցված է, նրա համար, որ օրենքը հրատապ ընդունեն, որ դեռևս չարտահանված խտանույթը ևս հարկվի նոր փոփոխությամբ և արդյունքում բյուջե մեծ մուտքեր լինեն։

Ինչ վերաբերում է գումարները նոր ֆոնդում կուտակելուն՝ ԱԺ պատգամավորը այլ առաջարկ ունի․ «Լավ կլիներ, որ այդ գումարները միանգամից ուղղվեին ռազմարդյունաբերությանը կամ նպատակային զենքի գնմանը։ Ինձ նաև հետաքրքիր է թե որքան գերշահույթ է ստացել խոշոր արտահանող Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերությունը։ Կարծում եմ, լրացուցիչ հարկատեսակի կիրառության դեպքում էլ բիզնեսը շարունակելու է շահութաբեր լինել»։

Լուրեր են շրջանառվում, որ նախագիծը ուղղված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբիտանտի դեմ։ Մելքոնյանն ասում է, որ այստեղ քաղաքական երանգ չի տեսնում՝ շահույթները՝ աճել են, պետությունը օգտվում է դրանից։

Իսկ ընդհանրեպես ԲՀԿ-ական պատգամավորը հարցի լուծման երրորդ՝ այլընտրանքային տարբերակ է առաջարկում․ « Անհրաժեշտ է ստանալ տարաեկան 100-120 տոննա մաքուր պղնձի արտադրություն, որի խնդիրը ծծմբաթթվի լրացուցիչ մեծ ծավալների առաջացումն է։ Այս դեպքում արտահանման խնդիր չի լինի՝ կարտադրենք մաքուր պղինձ, որի հիման վրա կաշխատեն մեր կաբելի գործարանները և այլն, որի մասին ես արդեն 6-7 տարի է խոսում եմ»։

Միքայել Մելքումյանն ասաց, որ դեռ չի որոշել նախագծին կողմ է քվեարկելու, թե՞ ոչ։

 

 

 

 

 

Հեղինակ: Anna Avetisyan