Foto

Իոննիսյանն այս գործով պետք է կարգավիճակ ունենա և նաև պատրաստ լինի իր աղբյուրը բացահայտել․ Վարդևանյան

Vesti.am-ը զրուցել է պրոֆեսոր Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանի հետ։ Թեման պրոֆեսորի առողջական վիճակն է և քրեական գործին առնչվող որոշ մանրամասներ։

-          Պարո՛ն Վարդևանյան, ինչ մանամասներ կորող եք հայտնել պրոֆեսորի առողջական վիճակի մասին։

-          Պրոֆեսորը վիրահատվել  էր մի քանի շաբաթ առաջ։ Այսօր կրկին վիրահատական միջամտություն է եղել՝ սրտի ստենդների պարզման համար։ Իրավիճակը մտահոգիչ է։

-          Արմեն Չարչյանի առողջական վիճակը համատեղելի՞ է կալանքի հետ։

-          Դա պետք համապատասխան մասնագետները որոշեն։ Ես հստակ կարող եմ ասել, որ եթե նույնիսկ հիմա կալանք խափանման միջոցը վերացվի, միևնույն է, պրոֆեսորը պետք է բուժումը շարունակի հիվանդանոցային պայմաններում։

-          Խափանման միջոցը վերացնելու միջնորդություն էինք ներկայացրել  ՀՔԾ, որտեղից պատասխանել են, որ միջնորդության հասցեատերն իրենք չեն, այդ դեպքում ինչո՞ւ եք դիմել ՀՔԾ։

-          Այստեղ իրենք իրենց բնորոշ կիսաճշմարտություն են ներկայացնում։ Իրենք  տեղեկացված են, որ միջնորդություն ենք ներկայացրել և՛ ՀՔԾ-ին, և՛ Դատախազությանը։ Խափանման միջոց անձնական երաշխվորությունը կիրառելու լիազորությունը ըստ ՔԴՕ-ի վերապահված է վարույթ իրականացնող մարմնին։ Նախաքննության փուլում վարույթ իրականացնող մարմինները քննչական մարմիններն են, իսկ դատաքննության փուլում՝ դատարանները։ Այս գործով վարույթ իրականացնում է ՀՔԾ-ն։ Կալանավորման վերացման տեսանկյունից լիազորությունը վերպահված է դատախազությանը։ Իսկ ՀՔԾ –ին ուղղված միջնորդությունը վերաբերում էր անձնական երաշխավորությանը։

-          Պարոն Չարչյանը մեղադրանքն ամբողջությա՞մբ չի ընդունում և ի՞նչ եք կարծում այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված, ճի՞շտ է ընտրված։

-          Իհարկե մեղադրանքը չի ընդունում։ Կարծում եմ, ամբողջական տեսանյութի հրապարակումից հետո բոլորի համար էլ պարզ էր, որ այստեղ մեղադրանք չկա։ Այստեղ առհասարակ պետք է հոդված չընտրվեր և քրեական գործ պետք է չհարուցվեր։ Եթե ցանկացածիս խոսքը մոնտաժեն, կիսով չափ ներկայացնեն, ապա այդպես կարող են ցանկացածին մեղադրանք առաջադրել։ Ամբողջականը տեսանյութը լրիվ այլ պատկերի մասին է խոսում։

-          Գործով ի՞նչ կարգավիճակ ունի Դանիել Իոաննիսյանը կամ իր ղեկավարած կառույցը։

-          Իոաննիսյանը հայտարարել է, որ պարոն Չարչյանի գործը ոչ թե իրավապահներն են բացահայտել, այլ ինքը և իր աղբյուրը։ Սա կրկին վերահաստատում է, որ քրեական գործի հարուցումը տեղի է ունեցել անանուն աղբյուրի հիման վրա։ Եթե ՀՔԾ-ն չունենա բավարար խիզախություն՝ քրեական հետապնդումն անհապաղ դադարեցնելու, ապա Իոննիսյանը այս գործով պետք է կարգավիճակ ունենա և նաև պատրաստ լինի իր աղբյուրը բացահայտել։ ՍԴ-ն որոշում ունի, որ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում, աղբյուրը բացահայտելու օրինաչափ պահանջ կարող է ներկայացվել։ Իմ տեղեկություններով Իոաննիսյանը այս պահին գործով որևէ կարգավիճակ չունի։

-          Դատախազությունը՝ անդրադառնալով քրեական գործի անանուն աղբյուրի հիման վրա հարուցված լինելուն, պարզաբանում էր ներկայացրել։

-          Խոսքն իրավական գործընթացի մասին է։ Մենք հրապարակել ենք քրեական գործ հարուցելու մասին որոշումը, որտեղ հստակ նշված է, որ քրեական գործը հարուցվել է բացառապես Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքի հրապարակման հիման վրա։

-          Ի՞նչ  քննչական գործողություններ են տեղի ունեցել Արմեն Չարչյանի մասնակցությամբ։

-          Որևէ քննչական գործողություն տեղի չի ունեցել։ Պարոն Չարչյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։

 

 

Հեղինակ: Anna Avetisyan