Foto

3 հայ շախմատիստներ աշխարհի գավաթի ուղեգիր են նվաճել

Հայաստանցի 13 շախմատիստներ մասնակցել են շախմատի աշխարհի գավաթի Եվրոպայի ընտրական առցանց մրցաշարին, որն անցկացվել է նոկաուտ համակարգով: Յուրաքանչյուր փուլում վիճակահանությամբ զույգեր կազմած մասնակիցները միմյանց հետ դասական շախմատի 2 պարտիայից բաղկացած մրցախաղ են անցկացրել:

Մրցաշարում խաղարկված 36 ուղեգրերից 3-ը բաժին է հասել հայ շախմատիստներին՝ Հայկ Մարտիրոսյանին, Շանթ Սարգսյանին և Հովհաննես Գաբուզյանին:

Մրցաշարի ավարտական փուլում Հայկ Մարտիրոսյանը 1,5-0,5 հաշվով հաղթել է Մանուել Պետրոսյանին: Նույն  հաշվով Շանթ Սարգսյանն առավելության է հասել Յուրի Կուզուբովի նկատմամբ, իսկ Հովհաննես Գաբուզյանը պարտության է մատնել  Վահապ Սանալին:

Մրցաշարի ավարտից հետո աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճած 36 շախմատիստների միջև արագ շախմատի առցանց մրցաշար է անցկացվել: Առավել հաջող հանդես է եկել Հայկ Մարտիրոսյանը, որը 9 հնարավորից վաստակած 6 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Նա ընդամենը կես միավորով հետ է մնացել Վլադիսլավ Արտեմևից և Ալեքսանդր Ինջիչից: Հայկը տարել է 5 հաղթանակ, 2 պարտիա ավարտել ոչ-ոքի, կրել՝ 2 պարտություն:

Շանթ Սարգսյանը 5 միավորով գրավել է 14-րդ տեղը, իսկ Հովհաննես Գաբուզյանը 4 միավորով՝  24-րդն է ճանաչվել: