Foto

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ

Մայիսի 4-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Արցախի պետական համալսարանում մեկնարկած «Արցախ. ներկան և ապագան» ծրագրի շրջանակներում հանդիպել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչների հետ։

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել Դավիթ Բաբայանին ԱրՊՀ զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար և նրան պարգևատրել ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալով։

ԱԳ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ՝ ներկայացնելով երկրի առջև ծառացած ոլորտային խնդիրները, աշխարհաքաղաքական զարգացումները, մարտահրավերներն ու դրանց դիմակայելու ուղիները:

Խոսելով արտաքին քաղաքականության ուղղությամբ տարվող աշխատանքների առաջնահերթություններից՝ նախարարն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը շարունակում է օրակարգային մնալ:

Պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրները հաղթահարման և վերականգնման համատեքստում Դավիթ Բաբայանը կարևորել է պատմությունից դասեր քաղելու անհրաժեշտությունը:

«Մեր պատմության մեջ բացվել է դառը, մղձավանջային մի էջ: Բայց մենք չպիտի վհատվենք ու հուսահատվենք: Մենք կարող ենք ապաքինվել, պետք է կազմակերպվենք, յուրաքանչյուրիս ճիշտ աշխատանքով վերականգնվենք»,- նշել է նա։

Խոսելով Արցախի սուբյեկտայնության պահպանման անհրաժեշտության մասին՝ նախարարն ընդգծել է.

«Պետք է Սփյուռքում և Հայաստանում շարունակեն Արցախն ընկալել որպես սրբություն»:

«Պետք է բարձր պահենք մեր ազգային դիմադրողականությունը, ուժեղ պահենք մեր արժեհամակարգը: Ցանկացած բարդություն նաև հնարավորություններ է ստեղծում: Պետք է կարողանալ այդ հնարավորությունները ճիշտ օգտագործել»,- նշել է նա՝ կարևորելով երիտասարդության ներուժն ազգային իղձերի իրականացման գործում:

ԱԳ նախարարը նաև պատասխանել է ներկաների հարցերին: