Foto

Այգեհիմնում կատարող շահառուների համար կմեղմվի գրավի պահանջը

Գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում առանց կարկտապաշտպան ցանցի այգեհիմնում կատարելու համար վարկավորված շահառուներին կարկտապաշտպան ցանցի անցկացման հնարավորություն ընձեռնելու նպատակով: Հիմնավորման համաձայն, միայն 2020 թ. ծրագրի շրջանակում տրամադրվել է 46 միավոր վարկ՝ շուրջ 5․4 մլրդ դրամ գումարով՝ 494․ 4 հա այգու հիմնման համար։ Սուբսիդավորման գումարը կազմել է 187․3 մլն դրամ: Փոխհատուցման բաղադրիչով տրամադրվել է թվով 7 փոխհատուցում՝ 104․7 մլն դրամի չափով՝ 24․2 հա այգու հիմնման համար։ Ծրագրի իրականացման գործընթացում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ՝ պայմանավորված այգեհիմնման համար պահանջվող գումարի մեծության, կարկտապաշտպան ցանցով այգեհիմնում կատարելու դեպքում պահանջվող գրավի չափի և շահառուների մոտ դրա ապահովման միջոցների բացակայության հետ։ Մասնավորապես՝ գրավի միջոցի բացակայությամբ պայմանավորված տնտեսավարողները վարկերը ձեռք են բերում առանց կարկտապաշտպան ցանցի ներդրման բաղադրիչի։ Տվյալ դեպքում տնտեսավարողի համար այգեհիմնման գործընթացը մնում է անավարտ, քանի որ բնակլիմայական աղետներից այգին պաշտպանելու նպատակով հնարավորություն չի ունենում ներդնել կարկտապաշտպան ցանց։ Ըստ այդմ, առաջարկվում է կարկտապաշտպան ցանցի այգեհիմնում կատարելու համար վարկավորված շահառուներին հնարավորություն ընձեռել՝ շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագիրը ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում դիմել ֆինանսական կառույցին և նույն ծրագրի շրջանակում վարկավորվել՝ կարկտապաշտպան ցանցի անցկացման համար։ Տվյալ դեպքում կարկտապաշտպան ցանցի անցկացման համար լրացուցիչ վարկավորումը ֆինանսական կառույցի կողմից իրականացվում է շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագրի, ծրագրով սահմանված սահմանաչափերի շրջանակում՝ վարկի գումարի վերահաշվարկ կատարելու միջոցով։ Նշված կարգավորումը հնարավորություն կտա այգեհիմնում կատարող շահառուների համար մեղմել գրավի պահանջի խնդիրը: Մասնավորապես, այն շահառուները որոնք ցանկանում են այգեհիմնում կատարել կարկտապաշտպան ցանցով, ինչը նախատեսված է ծրագրով, սակայն համապատասխան գրավի անբավարար լինելու պատճառով վարկ են վերցրել առանց կարկտապաշտպան ցանցի այգեհիմնում կատարելու համար, այգեհիմնումից հետո հնարավորություն կունենան մեկ տարվա ընթացքում, նույն ծրագրի շրջանակում հիմնված այգին գրավադրել և լրացուցիչ վարկավորվել կարկտապաշտպան ցանց անցկացնելու համար։

Կառավարության նմեկ այլ որոշմամբ «Էրեբունի քընեքթ» ՓԲԸ-ն կներառվի «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար: 2021-2025 թթ.-ին ընկերության կողմից իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 118,820,000 դրամ: Ծրագրի ընթացքում կստեղծվի 9 նոր աշխատատեղ` շուրջ 250,000 դրամ միջին ամսական աշխատավարձով: