Foto

Մոսկվայում ԱԷԿ-ի մասին Փաշինյանի հայտարարությունը զուտ հռետորաբանություն է. Վ. Դավթյան

էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը պատասխանել է «Մեդիալաբի» հարցերին  

– Պարո՛ն Դավթյան, երեկ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ Փաշինյանը ՌԴ նախագահին առաջարկել է դիտարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը: Ի՞նչ է սա նշանակում՝ հաշվի առնելով այն, որ որոշ ժամանակ հայկական կողմը հրաժարվել էր ռուսական վարկերից:

– Այո՛, բայց հրաժարվել էր ոչ թե վարկից, այլ վարկի մնացորդից, ինչն ակնհայտորեն հայ-ռուսական էներգետիկ համագործակցությունն ավելի շատ տեղափոխեց տեխնիկական դաշտ, քանի որ «Ռոսատոմը» շարունակեց իր հիմնական գործառույթները:

Այսինքն՝ հայ-ռուսական էներգետիկ հարաբերությունները ինչ-որ առումով ապաանվտանգայնացվեցին, դուրս բերվեցին ռազմավարական տիրույթից:

Բացի այդ, միջուկային էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային գործընթացները թելադրում են Հայաստանին այս ոլորտում գնալ հենց Ռուսաստանի հետ համագործակցության խորացման, քանի որ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ատոմակայանի կառուցման մեծ նախագիծ է իրականացնում Թուրքիայում, Իրանում է ներգրավված Բուշերի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի կառուցման աշխատանքներին, և, կարևորը՝ Բաքուն է Մոսկվայի հետ բանակցային գործընթաց նախաձեռնել Ադրբեջանում առաջին ատոմային էլեկտրակայան կառուցելու համար:

Այս ամենի պարագայում ռուսական վարկից հրաժարվելը լուրջ անվտանգային ռիսկեր էր ստեղծում Հայաստանի համար, քանի որ տարածաշրջանում ռուսական խաղաղ ատոմի քաղաքականությունը սկսում էր առանցքային նշանակություն ունենալ:

Հետևաբար այդ ձևաչափից հայկական կողմի դուրս գալը գեներացնում էր լուրջ խնդիրներ:

– Հիմա կարելի՞ է ասել, որ Փաշինյանի առաջարկը Պուտինին այդ որոշման սրբագրումն էր:

– Սա, այո՛, սրբագրում էր, բայց ես չեմ կարծում, թե դրան կհետևեն լուրջ քայլեր, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, որ հայկական կողմը ունի որոշակի պարտավորություններ և այս հարցում կաշկանդված է արևմտյան դերակատարների հետ հարաբերություններով:

Հիշեցնեմ, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո հայկական կողմը բազմաթիվ քննարկումներ է անցկացրել արևմտյան գործիչների հետ, որոնց արդյունքում խոսվում էր Հայաստանում մոդուլային ատոմակայանի կառուցման մասին:

Մոդուլային ատոմակայանը անհամեմատ ավելի փոքր հզորություն ունեցող ատոմակայան է, որն իրականում կզրկեր տարածաշրջանում Հայաստանին ռազմավարական կարգավիճակից, որը որպես պետություն զարգացնում էր խաղաղ ատոմ:

Փաշինյանի հայտարարությունը ես հակված եմ համարել որպես քաղաքական հռետորաբանություն, այն ավելի շատ դիվանագիտական հնարք է՝ ցույց տալու, թե Ռուսաստանի հետ համագործակցությունը շարունակում է առանցքային նշանակություն ունենալ Հայաստանի անվտանգային ոլորտի համար: 

– Ձեր ասածից դատելով ստացվում է՝ հայկական կողմը խաղում է երկու դաշտո՞ւմ:

– Հայկական կողմը, այո՛, փորձում է խաղալ երկու, անգամ մի քանի դաշտերում, ինչը ճգնաժամային պայմաններում, որում այսօր մենք ենք գտնվում, առավել վտանգավոր է:

Պետք է սահմանվեն հիմնական ուղենիշները՝ ինչպիսի՞ հզորության ատոմային էլեկտրակայան է մեզ պետք, և, առհասարակ, էներգետիկ անվտանգության ապահովման ինչպիսի մոդել ենք մենք ընտրում՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ կտրվածքով:

Մինչդեռ ռազմավարական նպատակադրումը չկա, և այն հայտարարությունները, որ արվում են կառավարության մշակած 2020-2043 թթ. զարգացման ծրագրի մակարդակով, ավելի շատ բաժակաճառ են հիշեցնում: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Հայաստանում չկա միջուկային էներգետիկայի երկարաժամկետ զարգացման հստակ ռազմավարություն:

– Դուք ասում եք՝ Հայաստանում էներգետիկ ճգնաժամ է: Ի՞նչն է հիմք հանդիսանում նման պնդում անելու համար, խնդրում եմ՝ մատնանշե՛ք խնդիրները:

– Ճգնաժամն առաջացել է կառավարության քայլերի հետևանքով, ու այդ քայլերը շարունակվում են: Ստեղծված էներգետիկ ճգնաժամը աննախադեպ է նորանկախ Հայաստանի պատմության մեջ՝ չհաշված 90-ականների սկզբին ստեղծված վիճակը:

Նախ՝ հիմնական խնդիրը՝ ատոմակայանը կանգնեցվում է 141 օրով վերանորոգման պատճառով, ինչի արդյունքում մենք ատոմակայանից չենք ստանա էլեկտրաէներգիա:

Հետո՝ պատերազմի հետևանքով ստեղծված վիճակն այնպիսին է, որ ՀՀ-ն չի կարող Արցախից էլեկտրաէներգիա ներկրել: Եվ երրորդ գործոնը՝ «Հրազդանի» ջերմաէլեկտրակայանի 5-րդ էներգաբլոկի՝ շահագործումից դուրս գալու շոշափելի ռիսկ կա:

Ճիշտ է, այդ էներգաբլոկը տնօրինող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը չի հայտարարում այն շահագործումից ամբողջությամբ դուրս բերելու մասին, բայց այժմ բլոկը կանգնեցված է, և միտումները տանում են այդ բլոկի կոնսերվացման:

Խնդիրն այն է, որ այդ էներգաբլոկի շահագործումը շահեկան չէ, քանի որ էապես սահմանափակվում են Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները:

Եթե ժամանակին մենք որոշակի դերակատարում ունեինք Վրաստան էլեկտրաէներգիա արտահանելու հարցում, ապա այժմ այդ երկիր էլեկտրաէներգիա չենք արտահանում:

Այսօր, փաստացի, գոյություն ունեցող արտահանման ռազմավարության ձախողումը կաթվածահար է անում ամբողջ երկրի էներգետիկ համակարգը: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի ավելցուկային հզորություններ: 

Իսկ ձախողման հետևանքով մայիսից հայտնվելու ենք էլեկտրաէներգիայի պակասուրդի պայմաններում: Իսկ պակասուրդը փորձելու են լրացնել Վրաստանից էլեկտրաէներգիայի ներկրմամբ, որի ծավալները հստակեցնելու համար համապատասխան պաշտոնյան օրերս եղել է Վրաստանում:

Եթե առաջին հայացքից կարող ենք ասել, որ սպառողները խնդիր չեն ունենա, հովհարային անջատումներ չեն լինի, դե, որովհետև Վրաստանից ներկրվելու է էլեկտրաէներգիա, բայց ռիսկն այս դեպքում այն է, որ Վրաստանն ինքն այսօր գտնվում է էլեկտրաէներգետիկ պակասուրդի պայմաններում, և այդ երկիրը էլեկտրաէներգիան ստանում է Ադրբեջանից:

Պատճառն այն է, որ վրացական ամենախոշոր հիդրոէլեկտրակայանը կանգնեցված է վերանորոգման աշխատանքների համար: Ադրբեջանից ներկրված էլեկտրաէներգիան՝ վրացական ենթակառուցվածքների միջոցով, վերաարտահանվելու է Հայաստան: 

– Ստացվում է՝ Հայաստանը կսկսի ներկրել ադրբեջանակա՞ն էլեկտրաէներգիա:

– Այո՛, մենք կսկսենք ներկրել ադրբեջանական էլեկտրաէներգիա Վրաստանից: Բայց սա կարճաժամկետ սցենար է:

Ավելի երկարաժամկետ սցենարն այն է, որ Թուրքիան է տարածաշրջանում երկու խոշոր ատոմակայան կառուցում, և սրա նպատակը ոչ միայն Թուրքիայի ներսում էլեկտրաէներգիայի պակասուրդի հաղթահարումն է, այլ նաև 2023-ից տարածաշրջանի էներգետիկ շուկայում առանցքային դերակատարում ունենալը:

Չեմ բացառում, որ այս կոնֆիգուրացիայի զարգացման արդյունքում 2023-ից մենք սկսենք ներկրել թուրքական արտադրության էլեկտրաէներգիա:

Սա առավել իրատեսական ծրագիր է՝ հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայում այսօր ներկրման ու արտահանման առումով ազատականացման ծրագիր է ընթանում, և, խոշոր հաշվով, օպերատորին ձեռնտու է լինելու վերավաճառել այն էներգիան, որն ավելի մատչելի է և կունենա ավելի ցածր գին:

Իսկ մենք գիտենք, որ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիան շատ թանկ է: Էլեկտրաէներգիա ներկրողի կարգավիճակը տարածաշրջանում նվազեցնելու է մեր երկրի սուբյեկտայնությունը: 

– Ի՞նչ եք կարծում՝ ձեռնարկվո՞ւմ են ձեր մատնանշած ճգնաժամային իրավիճակից դուրս գալու քայլեր:

– Գիտեք, որպեսզի լինեն քայլեր, նախևառաջ պետք է ախտորոշել իրավիճակը և արձանագրել, որ առկա է ճգնաժամ: Կառավարությունը չի խոսում ճգնաժամի մասին, և բոլոր քայլերը, որոնք կառավարությունն իրականացնում է էներգետիկ ոլորտում, ի վերջո հանգեցնում են հենց այս ճգնաժամային զարգացումների:

Կոնցեպտուալ առումով մենք ունենք հետևյալ իրավիճակը՝ Հայաստանի էներգետիկան այսօր ենթարկվում է ապաանվտանգայնացման, այսինքն՝ անվտանգային բաղադրիչը դուրս է բերվում ոլորտից, և էներգետիկան այսօր դիտարկվում է որպես բիզնես, որը կոչված է կայուն էլեկտրաէներգիա մատակարարել սպառողներին: Ինչ վերաբերում է տարածաշրջանային շուկայում Հայաստանի դիրքավորմանը, ապա այստեղ ես որևէ նպատակադրում չեմ տեսնում:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am