Երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանը
իշխանազավթում կատարեց, մի մեծ վախ ուներ՝ նրա ձեռքերը դեռ չէին մաքրվել մարտի 1-ի
զոհերի արյունից: Տասը տարի շարունակ նա փորձում էր մաքրվել այդ խարանից, բայց ապարդյուն:
Առաջին իսկ հնարավորությունից օգտվելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձեց մաքրվել այդ արյունից՝
մեղքը բարդելով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վրա: Այսօր արդեն ակնհայտ է, որ այդ մեղադրանքը
շինծու էր: Ամեն անգամ, երբ հայտարարում էր, թե մարտի 1-ի գործը բացահայտված է, վախենում
էր այս օրվանից, որովհետև գոնե ինքը գիտեր, թե ինչի համար էր այս ֆարսը: Իհարկե, Փաշինյանին
հաջողվեց պատերազմից առաջ Հայաստանին զրկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ունենալուց, բանտարկեց
պաշտպանության նախկին նախարարին և Արցախյան առաջին պատերազմում հաղթած նախագահին, բայց
դա մինիմում ծրագիրն էր: Առավելագույնը, որին նա ձգտում էր՝ մաքրվել մարտի 1-ի զոհերի
արյունից և «կույսի հպարտությամբ» շարունակել իր կլանի համար դիվիդենտներ քաղել իրենց
դավաճանություններից: Չստացվեց: Վնգաստացող դատավորներ, չբացահայտված գաղտնալսումներ,
պատերազմ Սահմանադրության և Սահմանադրական դատարանի դեմ: Սրանք Քոչարյանի և մյուսների
գործով այս երեք տարվա ավերիչ կամպանիաներն են, որ խայտառակեցին իրեն էլ, իր թիմին
էլ, դատական ու իրավապահ համակարգն էլ:
Փաշինյանի ձեռագիրը չի փոխվում:
Նա ապականում է ամեն ինչ, պղծում է բոլոր սրբությունները և միշտ փորձում է հրեշտակ
ձևանալ: Նա իր բոլոր սխալներն ու ձախողումները փորձում է բարդել ուրիշների վրա: Այդպես
եղավ իր քաղաքական կնքահոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում՝ կապված նույն մարտի 1-ի գործի
հետ, Այդպես եղավ ձախողված տնտեսական «հեղափոխության» և հակակոռուպցիոն պայքարի դեպքում,
երբ մեղքը բարդեց նախկին իշխանությունների վրա: Այդպես է վարվում նաև պարտված պատերազմից
հետո, երբ մեղավոր են նշանակվում նախկինները, գեներալները, կամավորները, նույնիսկ
«Իսկանդերը», թեև ինքն իրեն հայտարարում է անմեղ «պատասխանատու»: Այդպես է լինելու
նաև առաջիկա ընտրությունների դեպքում (եթե, իհարկե, դրանք կայանան) և իր թիմի անխուսափելի
պարտության մեղքը բարդելու է թիմակիցների ու «ժող ջան»-ի վրա:
Պատճառը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանն
ի զորու չէ կլյաուզնիկ գրչակից ավելի բարդ աշխատանք կատարել, չի կարող չստել, չի կարող
չքայքայել: Նա իր տգիտության ու գոռոզության, դավաճանական բնույթի պատճառով միշտ դիրքավորվում
է քամուն հակառակ՝ ապականելով և՛ իրեն, և՛ շրջապատը: