Foto

Ապրիլյանի ո՞ր դասերի մասին է խոսում Արտակ Դավթյանը

ՀՀ ԶՈՒ «դվաժդի» ԳՇ պետն այսօր հայտարարել է, որ եթե ապրիլյան քառօրյա պատերազմից դասեր չքաղեինք, ապա վերջին պատերազմը կարող էր տևել 15-20 օր ու կարող էինք ամբողջությամբ կորցնել Արցախը:

Նախ այն, ինչ այսօր կոչվում է Արցախ, շատ դժվար է չկորցրած համարել: Արցախի փշրանքներն աստիճանաբար վերածվում է ռուսական պրոտեկտորատի, նրա անվտանգությունը երաշխավորվում է բացառապես ռուսական խաղաղապահ զորամիավորման կողմից, որ մանդատն Ադրբեջանը նույնիսկ չի վավերացրել: Հայաստանի կողմից դրա վավերացման մասին խոսք էլ չի գնում, որովհետև մեր իշխանություններն Արցախի հարցում որևէ սուվերենություն ցուցաբերելու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ կամք ունեն: Ավելին, գելխեղդ Փաշինյանի կառավարությունը քութիկի հեզությամբ կուլ է տալիս Ալիևի ու Էրդողանի լուտանքը և դեռ մի բան էլ՝ քուրքասիրություն քարոզում թուրքի ձեռքով ցեղասպանված ժողովրդի մեջ:

Հիմա ԳՇ պետն ասում է, որ ապրիլյան պատերազմից դասեր ենք քաղել: Կուզեի իմանալ, ո՞ր դասերի մասին է խոսքը: Նրա օրո՞ք չէր, որ փոխվեց ԶՈՒ զարգացման և սպառազինությունների ձեռք բերման պլանը՝ զենքի միջազգային աղբանոցից գնվեցին տխրահռչակ «ՕՍԱ-ԱԿ» ՀՕՊ համակարգերը և անպիտան ՍՈՒ 30 օդանավերը: Ապրիլյանից հետո՞ չէր, որ կրճատվեց չորս մարտական գունդ, թե՞ ապրիլյանից հետո չէր, որ հաղթած գեներալներին բացահայտ հակասահմանադրական հոդվածով նստացրեցինք մեղադրյալի աթոռին: Գուցե ապրիլյանի գլխավոր դասն այն էր, որ 800 հեկտար հանձնելն ավելի վատ էր, քան Շուշին, Հադրութն ու Ջրականը հանձնելը, առանց մեկ փամփուշտ կրակելու Ակնան, Քարվաճառն ու Քաշաթաղը Ալիևին նվեր տալը: Նույն «հաջողությամբ» դասեր են քաղվում նաև վերջի՞ն պատերազմից: Ինչպես ապրիլյանի ժամանակ, թուրքը հիմա էլ հայ զինվորի գլուխ է կտրում, խաղաղ բնակիչներին խոշտանգում ու սպանում է իր տան բակում, իսկ մեր կառավարությունը նրանց կոմունիկացիաներ, տարածքներ ու գյուղեր է զիջում: Ապրիլյանի դասե՞րն են մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը ստիպում զորք չուղարկել Արցախ, թե՞ այդ դասերում ասված է, որ ապրիլյանի հզորագույն կամավորական պոռթկումը պետք էր բաց դաշտերում բայրակթարների ոռնոցով խեղդել: Դասեր քաղած  բանակի հրամանատարությունը Ջրականի արյունոտ կաթսայում հազարավոր տղաներ չէր զոհաբերի ինչ-որ մեկի մոլագար երևակայությանն ու փառասիրությանը հագուրդ տալու համար: Մեր ներկա իշխանությունները ոչ մի դաս ոչ մի պատերազմից չեն քաղել, որովհետև մեր խայտառակ կապիտուլյացիան ոչ թե օբյեկտիվ հանգամանքների, այլ բացահայտ դավաճանության արդյունք էր: 

Եթե սրանք են քաղած դասերը, ապա ավելի լավ կլիներ ընդհանրապես դասեր չքաղել:

Հեղինակ: Eduard Saribekyan