Foto

Արա Բաբլոյանը մեկնել է Արցախ

ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն ընդունել է եռօրյա այցով Արցախ ժամանած ՀՀ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Arabkir Medical Center / Արաբկիր բժշկական համալիր գիտական ղեկավար Արա Բաբլոյանին և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հայաստանյան գրասենյակի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին:

Նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՀ առողջապահական համակարգի առկա կարիքները և զարգացման հետագա ծրագրերը:

Այցի շրջանակներում կարևորվել են նաև Հայ օգնության ֆոնդի և Ամերիկայի հայ բժիշկների միության (AAHPO) կողմից արդեն մեկ տասնամյակ իրականացվող Արցախի բուժանձնակազմի վերապատրաստման շրջանակներում`«Արաբկիր» բժշկական համալիրի առաջատար մասնագետների մասնակցությամբ կազմակերպված ծրագրերը:

Մասնագետների խումբը՝ մանկական վիրաբույժ Սերգեյ Բաբլոյանը, ալլերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը, նյարդաբաններ Բիայնա Սուխուդյանն ու Մանե Թադևոսյանը, ուլտրաձայնային ախտորոշման բժիշկ-անեսթեզիոլոգ Զարինե Մինասյանը և անեսթեզիոլոգ Մարիա Հովհաննիսյանը ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորումում իրականացրել են Արցախի` համապատասխան խնդիրներ ունեցող երեխաների հետազոտություններ, խորհրդատվություններ, վիրահատական միջամտություններ, ինչպես նաև սեմինար-հանդիպումներ արցախցի բժիշկների համար:

Այցի շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարի, Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրենի և Բոստոնի Հայ բժիշկների միության միջև կազմակերպվել է հեռավար հանդիպում-քննարկում: Քննարկման մասնակիցները կարևորել են ժամանակակից բուժսարքավորումների, օրինակ, թթվածնային թերապիայի հիպերբարիկ սարքի (HBO) անհրաժեշտությունը: Նորագույն սարքերը թույլ կտան բարձրացնել բժշկական սպասարկման որակը: