Foto

Աշխատանքային քննարկում՝ ուղղված ԱՆ աշխատակիցների կարողությունների զարգացմանը

Փետրվարի 20-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարության ստորաբաժանումների ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքային երկօրյա քննարկում: Այն կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը, արդարադատության փոխնախարարներ Քրիստիննե Գրիգորյանը եւ Վահե Դանիելյանը, ԱՆ «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, այլք:

Ռուստամ Բադասյանը ողջունել է բոլոր մասնակիցներին, բարձր գնահատել Հիմնադրամի իրավաստեղծ գործունեությունը՝ հատկանշական համարելով COVID-19 համավարակի ընթացքում կատարած իրավաստեղծ աշխատանքը եւ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ Հիմնադրամի ստեղծման օրվանից Նախարարության կողքին լինելու եւ մի շարք կարեւոր նախաձեռնություններին աջակցելու համար:

Այդ համատեքստում նախարար Բադասյանը Նախարարության շնորհակալագրով է պարգեւատրել ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի ղեկավար Լուսինե Հակոբյանին՝ իրականացվող ծրագրերի հարցում անձնական ներդրման ու արդյունավետ համագործակցության համար: Դիմելով Նախարարության աշխատակիցներին՝ Ռուստամ Բադասյանը կոչ է արել լինել նախաձեռնող, աշխատանքի ընթացքում հանդիպող խնդիրները լուծելու համար հանդես գալ նորարական առաջարկներով, ներկայացնել նոր գաղափարներ եւ վստահեցրել, որ դրանք իրականացնելու համար կարվի առավելագույնը:

Դեյվիդ Հոֆմանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, բարձր գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը, կարեւորել օրենսդրության մշակման հարցում Հիմնադրամի փորձագիտական ներուժը եւ անդրադարձել դատաիրավական եւ հակակոռուպցիոն ոլորտում ԱՄՆ ՄԶԳ աջակցության ծրագրերին:

Տիգրան Դադունցը կարեւորել է երկխոսության ու փորձի փոխանակման միջոցով աշխատանքի որակը բարձրացնելուն ուղղված նման հնարավորությունը եւ հանդիպման մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել առցանց ռեսուրսներից օգտվելու հմտություններին եւ դրանց կիրառման հնարավորություններին, ներկայացվել են հետազոտական եւ վերլուծական աշխատանքների իրականացման առանցքային մոտեցումները, մասնավորապես՝ միջազգային փորձի, այլ երկրների օրենսդրության, հղումների, վիճակագրության հետազոտման մեթոդները, ինչպես նաեւ քննարկվել է իրավական ակտերի նախագծերի մշակման եւ դրանց հիմնավորումները կազմելու հմտությունները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի կիրարկման օրենսդրական տեխնիկան, դատական ներկայացուցչության իրականացման հիմնական խնդիրները եւ այլն: Նշված հարցերին անդրադարձել են Տիգրան Դադունցը, Հիմնադրամի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը, ԱՆ իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Էմիլ Մարգարյանը եւ ԱՆ իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանը:

Աշխատանքային հանդիպման ընթացքում իրավիճակային խնդիրներ են առաջադրվել Նախարարության աշխատակիցներին, ակտիվ քննարկումների, խմբային աշխատանքների արդյունքում առաջարկվել են դրանց իրավական լուծումները: Կարողությունների զարգացմանն ուղղված նման ձեւաչափով քննարկումները կշարունակվեն: