Foto

Գյումրին չի կարող հավատալ Նիկոլին

Գյումրին կրկին հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «սևեռուն» ուշադրության տակ: Մի քանի օր առաջ այնտեղ հետախուզական դեսանտ էր իջեցվել՝ շոշափելու տեղի տրամադրությունները: Դատելով ընդունելությունից, Փաշինյանը վստահ չէ, որ հանրապետության երկրորդ խոշոր քաղաքում իրեն ուրախությամբ կդիմավորեն և որոշել է մարզպետարանում փակ հանդիպումով սահմանափակվել: Բայց դա գյումրեցիներին չի փրկի, որովհետև աթոռին ինքնասոսնձված վարչապետը որոշել է Գյումրին «նորովի» կառուցել:

Հաստատաբար Շիրակի մարզի բնակիչները Փաշինյանից այլ սպասելիք ունեն՝ ի՞նչ է սպասվում իրենց գերևարված հարազատներին, որտե՞ղ փնտրել իրենց անհետ կորած զավակներին, բայց նա եկել է ասելու, որ մտադիր է նորովի կառուցել Գյումրին:

Թե ինչ է ստացվում, երբ Նիկոլը որոշում է ինչ-որ բան նորովի (նույնն է, թե իր՝ զրոյական կետից) կառուցել, հայտնի է: Բանակին «ելակ տվեց», մարտունակությունը փլուզվեց, կոռուպցիայի դեմ պայքարեց, պարզվեց 3-4 անգամ թանկ գնով զրահաբաճկոններ է գնել զինվորների համար, դատաիրավական բարեփոխումների անվան տակ իր սեփական դատավորներն է բուծում, իսկ ոստիկանության բարեփոխումների պատրվակով սեփական ոստիկանական բանակ է հիմնում: Տնտեսական հեղափոխությունը չսկսած՝ խորտակեց եղած տնտեսությունը և հիմա հույսը կապել է տարածաշրջանի կոմունիկացիոն ապաշրջափակման հիպոթետիկ խոստումների հետ, որ շռայլորեն հրամցնում են Էրդողանն ու Ալիևը:

Հիմա հերթը Գյումրիին է, հավանաբար մարզի իշխանություններին համոզելու է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի ու սահմանային առևտուր կսկսվի, նոր աշխատատեղեր էլ կխոստանա, միայն թե կարողանա պոռթել այն ներքին շրջափակումը, որի մեջ է հայտնվել իր կապիտուլյացոն քաղաքականության պատճառով: Գյումրեցիներին խաբելը հեշտ է՝ գործազրկություն, աղետի գոտի և այլն, բայց միաժամանակ շատ դժվար է, որովհետև գյումրեցին լավ գիտի, թե ինչպես սյունեցիների գլխի տակ փափուկ բարձ դնելով ադրբեջանցիներին բերեց ու տեղավորեց նրանց գյուղերի ու քաղաքների գլխին, ինչպես 44 օր շարունակ կեղծեց պատերազմը և, Շուշիի համար պայքարելու հայտարարութունը բերանին, ստորագրեց նոյեմբերի 9-ի ստորացուցիչ հայտարարությունն ու դրան հաջորդող հայտնի դեռևս 2 փաստաթղթերը:

Այսքանից հետո Գյումրին կարո՞ղ է հավատալ Նիկոլին: