Foto

Հայաստանը պետք է կոտրի Ադրբեջանի ներկայացրած կեղծ օրակարգը. Արա Ղազարյան

Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել, որ Հայաստանը այլևս զինվորներ չուղարկի Լեռնային Ղարաբաղ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը» թեմայով քննարկմանն այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը:

«Մեծ ուժեր կենտրոնացնելով փոքրաքանակ հայկական զինված միավորման դեմ իրենց հաջողվեց 62 հոգու գերեվարել (Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականներ-խմբ.) արդեն իսկ զինված հակամարտությունից հետո և ներկայացնել լեգենդ, որ ահա այս խմբավորումներն անօրինական են, որովհետև պատկանում են Հայաստանի Հանրապետության բանակին և գտնվում են միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս»,- ասաց Ղազարյանը:

Փաստաբանի կարծիքով` Ադրբեջանի ձեռագիրը արդեն ծանոթ է և ուսումնասիրվել է մոտ տասը տարի: Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը`գերեվարված զինծառայողներին ներկայացնում է որպես ահաբեկիչներ և ստեղծում շինծու փաստական հիմքեր, որը ներկայացնում է միջազգային կառույցներին:

«Հայաստանը պետք է կոտրի այդ կեղծ օրակարգը և ցույց տա, որ դրա նպատակը բացարձակապես քաղաքական է, այն է` թույլ չտալ Հայաստանի Հանրապետության տարածքից զինվորները ծառայեն Լեռնային Ղարաբաղի տարածքում, այդպիսով թուլացնելով Արցախի պաշտպանությունը»,- եզրափակեց Ղազարյանը: