Foto

Ջանգոյի վերադարձը կամ՝ մարտի են գնում միայն ծերունիները

Խայտառակ կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանը նոր դեգերումների մեջ է: Իր կարծիքով իշխանությունում մնալու հարցն իր համար արդեն լուծել է՝ Ալիևը դա «երաշխավորում» է: Բայց ներքաղաքական զարգացումներում օրակարգայինն այդ իշխանությունն ամրապնդելն է:

Ահա այդ նկատառումներով ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը հանձնարարվել է հերթական անգամ պեղել և ԲԴԽ անդամի թափուր տեղի համար առաջադրել Գագիկ Գհանգիրյանի թեկնածությունը: Նրա անունը ոչ վաղ անցյալում շրջանառվում էր որպես ՍԴ անդամի թեկնածու: Ջհանգիրյանը շատ բազմանշանակ կերպար է: Նրա անվան հետ բազմաթիվ կոռուպցիոն պատմություններ են կապված՝ իր «նախկին» կյանքում: Բայց Նիկոլ Փաշինյանի համար դա ոչ թե խոչընդոտ է, այլ գտածո: Էլ ո՞վ կարող է հլու հնազանդ ծառայել կործանվող բռնապետին, քան Ջհանգիրյանի նմանները: Հիշենք, որ Ջհանգիրյանը Նիկոլ Փաշինյանի պես մեղադրվել և դատապարտվել է Մարտի 1-ի գործով, իսկ արդեն Նիկոլի վարչակարգի կողմից արդարացվել է: Դրա դիմաց նա պատրաստ է ծառայել այս իշխանություններին և միևնույն է, թե որ «ռազմաճակատ» կգործուղի իրեն Նիկոլը: Հիմա էլ գնում է իր «մասնագիտական աշխատանքը» կատարելու ԲԴԽ-ում: Միաժամանակ «փորձված աղվեսը» լավ գիտի իր գլխի գինը: Նա ձևացնում է, իբր էժան ծախվող չէ և քաղաքական մարմնի կողմից իրեն առաջարկվող պաշտոնը քաղաքական չէ: Այդպես է, թե՝ ոչ, հռետորական հարց է, բայց արդեն այսօր նա հայտարարում է, որ  քաղաքական թիմի անդամ չի դառնում, այսինքն չի ցանկանում կիսել այս քաղաքական թիմի պատասխանատվությունը: Իր անելիքը զուտ «մասնագիտական» է լինելու՝ հաստատվել ԲԴԽ-ում, փորձել այնտեղ վերահսկել գործընթացները և օգնել իր «գործով ընկերոջը»՝ ամբողջական վերահսկողություն հաստատել դատական համակարգի վրա:

Փաշինյանն այս երկու ամիսների ընթացքում հասկացավ, որ դատական համակարգը, ի տարբերություն ոստիկանության և ԱԱԾ-ի, չի պատրաստվում դառնալ իր բռնապետական նկրտումների խաղալիքը: Այդ է պատճառը, որ Ջհանգիրյանը «գործուղվում» է ԲԴԽ:

Հ.Գ

Իրավաբանական հանրությունն արդեն կասկածի տակ է դրել այդ «գործարքի» օրինականությունը, որովհետև ԲԴԽ անդամները հավասարեցված են դատավորի կարգավիճակին, իսկ 60 տարին լրացած քաղաքացին չի կարող դատավոր ընտրվել:

Հեղինակ: Eduard Saribekyan