Foto

Էկոնոմիկայի նախարարի երկնիշ տնտեսական աճի կանխատեսումները հերթական ուտոպիական և ամբոխավարության դրսևորումն է՝ իրատեսությունից կտրված. Արթուր Խաչատրյան

Ինչի՞ հիման վրա է էկոնոմիկայի նախարարը 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ կանխատեսում՝ վարչապետի խոստացած 30 միլիարդ դոլա՞րն են արտադրելու, Մերձավանի կենցաղային տեխնիկայի գործարա՞նը, թե՞ Վանաձորի գազաբալոնային համակարգերի գործարանն է աշխատելու, որ վարչապետը գնաց «լենտ»-ը կտրեց, բայց այդ գործարանները կա՛մ չաշխատեցին, կա՛մ մի քանի ժամ աշխատեցին. Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ ունենալու հայտարարությանը:

«Չեմ հավատում էկոնոմիկայի նախարարի կանխատեսումներին, Ֆինանսների նախարարության կանխատեսումները խիստ լավատեսական են, նույնիսկ այս իրավիճակում Միջազգային ֆինանսական կազմակերպությունը 3,5 տոկոսի չափ է կանխատեսում արել, այնպես որ, երկնիշ տնտեսական աճը հերթական ուտոպիական և ամբոխավարության դրսևորումն է՝ իրատեսությունից կտրված»:

Հարցին, թե ինչն է պատճառը, որ Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների հայտարարությունները չեն համապատասխանում, նշեց, որ պատճառն այն է, որ Կառավարությունը չի գործում որպես մեկ ամբողջական մարմին, Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունները պետք է իրար հետ խնդիրները քննարկեին և համատեղ հայտարարությամբ հանդես գային:

Անդրադառնալով գնաճին և նախարարի այն հայտարարությանը, որ նոյեմբեր ամսին սահմանաչափից քիչ է գները բարձրացել՝ կազմելով երկու տոկոս, Արթուր խաչատրյանը նկատեց, որ պետք է հասկանալ, թե ինչ ձևով են պարզել, որ թանկացումը  երկու տոկոս է կազմել:

 «Նոյեմբեր ամսին ձուն, ձեթը, շաքարավազը թանկացել են, ո՞նց է որոշում՝ երկու տոկոս է, թե ինչքա՞ն է, թող մտնեն խանութ և տեսնեն՝ քանի տոկոս է գնաճը կազմում, մարդկանց հարցրեք, տեսեք՝ երկու տոկոսո՞վ է թանկացել: Այսօր տնտեսությունն իր պարտավորությունները չի կատարում, տնտեսական զարգացման ռազմավարություն մեր երկրում գոյություն չունի, պետությունը հույսը դրել է, որ Ադրբեջան ապրանք կարտահանեն, ու տնտեսությունը կաճի, որը ծիծաղելի է: Պետք է շահութաբեր ձեռնարկություններ ստեղծվեն, պետք է ձեռնարկություններ ստեղծեն այն ոլորտներում, որտեղ մասնավոր բիզնեսը վախենում է գործել, օրինակ՝ պետք է ծառայի պետությունը, իսկ նրանք եկամտաբեր բիզնեսները մասնավորեցնում են: Օրինակ՝ Գեոեդեզիայի և քարտեզագրության ինստիտուտը մասնավորեցրել են այն հիմնավորմամբ, որ եկամուտ է ապահովվում և ավելի մեծ մրցակցային առավելություն ունի, քան մասնավոր  ընկերությունները: Ո՞վ է տեսել, որ շահութաբեր ձեռնարկությունը սեփականաշնորհեն, վերջապես պետական ձեռնարկության շահառուները ժողովուրդն ու պետությունն են, մասնավորեցնում են իբրև թե շուկան խթանելու համար, այսինքն` փոխանակ բիզնեսում պետության դերը ուժեղացնեն,  ընդհակառակը՝ նվազեցնում են: Հանքերը ևս պետք է պետական լինեն, թող պետությունը հարկերը շահագործի կամ պարտավորեցնի, որ հասույթի 80 տոկոսը վերադառնա Հայաստան: Ոչ թե հանքերը շահագործվեն, և գումարը անհասկանալի տեղ գնա՝ գնա օֆշորային հաշիվներին»:

Խոսելով դրամի անկման հավանականության և սպառման կրճատման մասին՝ Արթուր խաչատրյանը նշեց, որ դրամի անկման ֆունդամենտալ պատճառը պատերազմը չէ, այլ հասարակության և  բիզնեսի խոր անվստահությունն է պետության նկատմամբ, որին շուտով կգումարվի սոցիալ-տնտեսական ազդեցությունը:

«Սպառման կրճատումն ունի երկու պատճառ՝ նախ  մարդկանց եկամուտները կրճատվել են՝ կապված տարբեր գործոնների հետ՝ տնտեսական անկում, կորոնավիրուս, պատերազմ և երկրորդը՝ հոռետեսական ակնկալիքներ։ Այդ երկուսը գումարվել են իրար, և սպառումը նվազել է: Մարդիկ չեն ցանկանում վերջին գումարը ծախսել: Նախարարը հիմնական խնդիրը չի ասում, որ տնտեսությունը անկման վիճակում է, և մարդիկ գումար չունեն, նաև լավատեսություն չունեն, նրանք չեն վստահում իշխանություններին և գումարը չեն ծախսում: Հիմա ասում են՝ ժողովո՛ւրդ, գումարը ծախսեք, որ տնտեսությունը շնչի, իսկ պետական կապիտալ բյուջեն քանի՞ տոկոսով է կատարվել, այսինքն՝ պետությունը իր պարտավորությունները դնում է ժողովրդի վրա, կապիտալ բյուջեն սարսափելի թերակատարված է: Հիմա մեղադրում են պատերազմին և քովիդին, անցած տարի մեղադրում էին, որ ատկատներ չկային, դրա համար պետական բյուջեն չի կատարվել, պատճառաբանում էին՝ ավելի լավ է չկատարվի, քան թե կոռուպցիոն ռիսկերով ուղեկցվի, այսինքն` բոլորը մեղավոր են՝ իրենցից բացի»,-ընդգծեց նա: