Foto

Անդրանիկ Քոչարյանը՝ Սյունիքում իրավիճակի մասին

Այսօր բոլորս ենք սգի մեջ, մեր խնդիրը այս վիճակից արագ դուրս գալը պետք է լինի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 31-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ Եռաբլուրի խորհուրդը հենց դրա մեջ է:

Անդրադառնալով Սյունիքում առկա իրավիճակին, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Սյունիքի հետ կապված բոլոր ձեր հարցերը պետք է ուղղեք նախարարությանը, որովհետեւ կան բաներ, որոնք ես այստեղ չեմ կարող հնչեցնել, բայց կարող եմ վստահաբար ասել, որ այն անվտանգության համակարգը, որը մենք կառուցում ենք այս պատերազմի արդյունքում, պետք է ապահովի Սյունիքի անվտանգությունը:

Դա միայն Հայաստանի Զինված ուժերի խնդիրը պետք է չլինի: Մենք որպես ՀԱՊԿ անդամ եւ որպես Ռուսաստանի խաղաղապահ խնդիրների մեջ ներգրավված ռազմական կարողություններ, մենք պետք է միասնական կառուցենք Սյունիքի հետ կապված ամբողջ անվտանգության դաշտը, որը հիմա էլ կատարվում է:

Անընդհատ լինելու են ճանապարհի վրա դեպքեր: Այստեղ կանգնած տղաներից շատերը հենց այդ ճանապարհի վրայի կռիվներին մասնակցել են: Որեւէ մեկը մոռացե՞լ է այդ կռիվները: Հիմա այդ կռիվներից պետք է խուսափել: Այսօրվա համար մեկ հրամայականը հրադադարի ռեժիմը հնարավորինս պահելն է»:

NEWS.am-ի հարցին, թե ինչո՞ւ են բանավոր պայմանավորվածությամբ ճշգրտվում Սյունիքի սահմանները, արդյոք նորմա՞լ է, որ ադրբեջանցիները մարդկանց ասում են դուրս եկեք, բայց նրանց իշխանությունների կողմից նման բան չի ասվել, «Իմ քայլի» պատգամավորն արձագանքեց. «Մենք պետք է ձգտենք այն նորմալ վիճակին, որը կապահովի հրադադարը: Նորմալը նա է, որ երկրի ներսում կունենանք ներդաշնակ ըմբռնում մեկս մյուսի նկատմամբ: Ընդդիմություն, իշխանություն, համայնքապետեր... պետական համակարգը պետք է լիարժեք իր առջեւ դրված խնդիրները լուծի՝ անկախ նրանիցէ դժգոհներ կան, թե ոչ: Դժգոհները պետք է իրենց դժգոհություննմ արտահայտել, եթե դա արդարացի է: Իշխանության խնդիրը անվտանգության համակարգը արագ կենսունակ պահելն է եւ բնակչության անվտանգությունն ապահովելը»:

Հարցին, թե արդյոք դրան պետք է հասնել այդ թվում տարածքներ զիջելով, նա պատասխանեց. «Ես ուզում եմ ֆիքսել, որ մենք պատերազմ ենք պարտվել եւ այդ պարտված լինելն է, որ մենք հայտնվել ենք այս վիճակում: Միայն միասնաբար պետք է դուրս գանք պարտվածի հոգեբանությունից»:

Հարցին, թե պե՞տք է այդ պարտվածի հոգեբանությամբ բանավոր պայմանավորվենք ու մարդկանց տրենը հանձնեք Ադրբեջանին, այն դեպքում, երբ դրա վերաբերյալ փաստաթուղթ չկա, Անդրանիկ Քոչարյանը չպատասխանեց եւ «շնորհակալություն» ասելով հեռացավ:

Աղբյուր՝ news.am

https://news.am/arm/news/621800.html?fbclid=IwAR25PekECF95ha4nB7ZPgF0cF1qdBFvyUcfOxnh5USDYcRFsXS159A0PUhQ