Foto

Նոյեմբերի 9-ից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին․Փաշինյան

Կարևորագույն խնդիր է մեր գերեվարված հայրենակիցների վերադարձը. սյստեղ, ուզում եմ ասել, որ որոշակի առաջընթաց ունենք, և, ըստ էության, համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ: Այս մասին իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ուղերձի այդ հատվածում ասվում է.

«Ընդ որում, ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև պատերազմից առաջ հայկական և ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն: Ու հիմա մեր խնդիրն է գործել այնպես, որ ոչ միայն վերադարձնենք նրանց, ում գերեվարված լինելու փաստը այս պահին հաստատված է պաշտոնապես, այլև մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում կպարզվեն այլ անուններ ևս, նրանց վերադարձի հետ կապված խնդիրներ չծագեն: Այստեղ մեզ պետք է որոշակի համբերություն, և ես կարծում եմ, որ մենք հաջողություններ կունենանք։

Հաջորդ կարևորագույն խնդիրը մեր անհետ կորածների ճակատագիրը պարզելն է: Այս գործընթացը նույնպես թեկուզ դանդաղ, բայց ընթանում է: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Այս թեման ինձ համար այսպիսի մանրամասներով շատ դժվար և ծանր է ներկայացնել, հենց թեկուզ բառապաշարի մանրամասների իմաստով, բայց, մյուս կողմից, գիտեմ, որ հանրությունն ունի պատասխանների կարիք։ Այնպես որ, նախապես ներողություն եմ խնդրում այսպիսի մանրամասների շուրջ խոսելու համար։ Ուրեմն, ի՞նչ է տեղի ունենում. մի կողմից՝ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներից մարմինների դուրսբերումն է կատարվում: Մյուս կողմից, Հայաստանում գտնվող նահատակների անճանաչելի մարմինների ճանաչում է կատարվում:

Նոյեմբերի 9-ից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին: և ուզում եմ ընդգծել, որ ավելի քան 500 մարմիններ այս պահին գտնվում են ճանաչման փուլում: Մեծ հավանականությամբ, ցավոք սրտի, այս մարմինները անհետ կորած համարվող մեր եղբայրների մարմիններն են: Հիմա ընթանում է նրանց ճանաչման գործընթացը, որը կատարվում է հետևյալ կերպ. վերցվում է մարմնից ԴՆԹ նմուշ, որը համեմատվում է հարազատներից վերցրած ԴՆԹ նմուշի հետ: Այս գործընթացը, ցավոք, բավական ժամանակատար է: Բայց ուզում եմ նաև ասել, որ նոյեմբերի 9-ից այս կողմ նույնականացվել է և հարազատներին է հանձնվել 135 մարմին, և այս գործընթացը կշարունակվի: Ցավում եմ շատ, էլի ներողություն եմ խնդրում, որ այս թեմայի մասին այսպես խոսում եմ, սա շատ դժվար է, բայց ստիպված եմ, էլի եմ ուզում ասել, որովհետև հանրությունը սպասում է կոնկրետ պատասխանների:

Ես ուզում եմ նաև մի հարցի անդրադառնալ՝ որ կա անհետ կորածների ևս մի խումբ, որոնց հետ կապված ես հիմա ուղղակի չէի ցանկանա բարձրաձայնել։ և ուզում եմ ասել, որ նրանց հետ կապված նույնպես կոնկրետ աշխատանք է արվում, բայց որևէ կերպ հիմա այդ աշխատանքի մասին ես չեմ կարող խոսել։

Նաև ուզում եմ ասել՝ մենք դեռ չենք հասցրել պետական մակարդակով խոնարհումի միջոցառումներ և սգո օրեր հայտարարել: Կարծում ենք՝ դա ավելի ճիշտ կլինի անել չճանաչված մարմինների առնվազն մեծ մասի ճանաչումից հետո: Սա պիտի լինի խոնարհումի, մտորումի, մորմոքի մի շրջան, և այն պետք է ապրենք իրար հետ և իրարով:

Եվ սա պետք է լինի մտորում՝ անցյալի և ապագայի մասին: Առավել միտված ապագային: