Foto

Դիվանագիտությունը սիրում է լռություն, ուստի ձեր թույլտվությամբ դիվանագիտությունը լուռ կկատարի իր աշախատանքները

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ընթերցեց իր հայտարարությունը։

«Առաջինը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեր ինքնիշխանության ու պետականության հիմնասյուներից մեկն է։ Լինելով ապաքաղաքական կառույց՝ ունի մեկ հավերաժական նպատակ՝ ամենօրյա աշխատանքով պաշտպանել ՀՀ և հայ ժողովրդի շահերը։ Ցանկացած փորձ՝ հեղինակազրկելու այս կառույցը և ներքաշելու ներքաղաքական շահարկումների մեջ, հարված է Հայաստանի պետականությանը։ Հատկապես այս օրերին, երբ ռազմական գործողությունների ավարտից հետո ողջ ծանրությունը և պատասխանատվությունը հետզհետե տեղափոխվում է դիվանագիտություն։

Վստահ ենք, որ այս գիտակցումը կիսում են երկրի և ժողովրդի ճակատագրով մտահոգ մեր բոլոր քաղաքացիները և հայրենակիցները։

Երկրորդ, մենք բոլորս խոնարհվում ենք մեր ժողովրդի օրգանական, անքակտելի մաս հանդիսացող ազգային բանակի առջև, որը հերոսաբար դիմակայեց Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջան-Թուրքիա-միջազգային ահաբեկչություն եռյակի կողմից սանձազերծված ագրեսիային և տապալեց ցեղասպան դաշինքի՝ պատմական հայրենիքում հայ ժողովրդին ոչնչացնելու նկրտումները։ Պետք է փաստենք, որ այն իրավիճակը, որն այսօր ունենք, պայմանավորված է նրանով, որ մենք դիմակայել ենք անհամաչափ ուժերին։ Ինչպես և մեր զինվորները, քույրերն ու եղբայրները Արցախում, հայ դիվանագիտությունը եղել է և շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում։ Եվ հատկապես այսօր մենք մեր պարտքն ենք համարում անել հնարավորը և անհնարը՝ իմաստավորելու մեր ժողովրդի ազնվագույն որդիների զոհողությունը և այդ ձևով վառ պահելու նրանց հիշատակը։

Երրորդ, այժմ մենք ունենք հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ, որոնց մասին ես հստակ բարձրաձայնել եմ։ Հայ դիվանագիտությունը մեծածավալ աշխատանք ունի անելու այդ հրատապ հարցերի լիարժեք և համապարփակ լուծման ուղղությամբ։

Դիվանագիտությունը սիրում է լռություն, ուստի ձեր թույլտվությամբ դիվանագիտությունը լուռ կկատարի իր աշախատանքները։ Իսկ այդ աշխատանքերի արդյունքներն ավելի խոսուն կլինեն, քան որևէ մեկնաբանություն։

Ուզում եմ ասել, որ պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել ամենածանր իրավիճակներից։ Խնդրում եմ հավատալ և վստահել այդ դիվանագիտությանը»։