Foto

Նիկոլ Փաշինյանը պարտիզպանի շունն է

Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը Հայաստանն ու Արցախը հասցրել են անդունդի եզրին և, ստորագրելով կամ պաշտպանելով խայտառակ կապիտուլյացիոն հայտարարությունը, մինչև վերջ կառչելով իշխանությանը, զրոյացնում են մեր երկրի ու ազգի ողնաշարն ուղղելու վերջին ճիգերը: Ներքաղաքական կեղծ օրակարգեր առաջ տանելով ու հասարակությանը ապատեղեկատվությամբ ու մանիպուլյացիաներով կերակրելով՝ մեր երկիրը կորցնում է ամենաթանկը՝ ժամանակը: Իսկ այդ ժամանակը մեզ պետք է երկիրը նորից բնականոն կյանք վերադարձնելու, տնտեսությունը կոլապսից փրկելու, հումանիտար աղետը հաղթահարելու, արտաքին քաղաքականության մեջ մեր ազգային օրակարգը հայտարարելու և առաջ տանելու համար: 

Հիմա էլ նոր թեզ են մտցնում շրջանառության մեջ, իբր ընդդիմությունը պատերազմի օրերին տեղյակ է եղել պատերազմական իրադրությունից, քաղաքական անցուդարձից: Համենայն դեպս «ԻՔ» խմբայցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը դա բացահայտորեն հայտարարեց ԱԺ ամբիոնից: Այդ առումով ես մի քանի անգամ զգուշացրել եմ, որ պատերազմի օրերին ինչ-որ փակ հանդիպումների միակ նպատակը ոչ թե խորհրդարանական կամ արտախորհրդարանական ուժերի կարծիքը լսելն էր, այլ պարտվողական քաղաքականության պատասխանատվությունը նաև նրանց ուսերին դնելը: Հիմա արդեն կապ չունի, թե ինչ է քննարկվել այդ հանդիպումների ընթացքում, որովհետև ազատ խոսքի տոտալ սահմանափակումների, «պաշտոնական տեղեկատվության» շուրջ ստեղծված կեղծ պաշտամունքի պայմաններում ինչ էլ ասեին կամ բացահայտեին ընդդիմադիր ուժերը, կամ պետական գաղտնիք բացահայտելու համար պատասխանատվության էին ենթարկվելու, կամ հայտարարվելու էին կեղծարար և դավաճան, դրանից բխող բոլոր հետևանքներով: Հիմա Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի կարծիքով եկել է այն պահը, երբ պարտության, հողեր տալու և կապիտուլյացիայի պատասխանատվությունը կարելի է կիսել ընդդիմության հետ: Ո՛չ, այս ավանտյուրան չի անցնելու, որովհետև միայն ջայլամին պարզ չէ, որ ամեն ինչի պատասխանատուները բացառապես անձամբ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմն են: Արդեն 17 օր պատերազմական գործողությունները դադարել են, խաղաղապահ ուժեր են մտել հակամարտության գոտի, մեկը մյուսի հետևից հայկական գյուղեր ու քաղաքներ են հանձնվում թորք բարբարոսներին, բայց մեր ներքաղաքական օրակարգում Նիկոլի դավաճան-չդավաճան երկվությունն է, իշխանության մնալ չմնալու երկընտրանքը: Աշխարհն առաջ է գնում, գնահատվում են նոր մարտահրավերները, ուժային և քաղաքական վերադասավորումներ են կատարվում մեր շուրջը, իսկ Նիկոլ Փաշինյանը կանգնեցրել է Հայաստանի ժամացույցը: Երկրի վարչապետի աթոռին կառչած անձնավորությունն այլևս Լոպե դե Վեգաի պարտիզպանի շունն է, որ Հայաստան երկրի «պեչատը» դրել է գրպանը՝ արգելափակելով բոլոր հնարավոր ելքերն ու երկիրը թողնելով խաղից դուրս: 

Հեղինակ: Eduard Saribekyan