Foto

Եկեք միասին ստեղծենք ավելի ուժեղ, ավելի հզոր, բայց արդար ազգ. Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ SOAD-ի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է հայ ժողովրդին։

«Այսօր, ինչպես դուք բոլորդ, վշտացած եմ: Մեր երիտասարդ տղամարդկանց, մեր հողերի և մեր հավաքական միասնության կորստի համար: Անցած 45 օրվա ընթացքում, չնայած ծայրահեղ դժվարություններին, ես ոգեշնչվեցի մեր ժողովրդի եզակիությունից: Մեր ազգի և ապագայի օգտին մոբիլիզացվելու ունակությամբ: Ինձ համար ակնհայտ է, ինչպես պետք է որ լիներ ձեզ համար, որ ստորագրված համաձայնագիրը նախանշված էր մեզ`մեր թշնամիների բազմության և միջազգային հանրության մեր դաշնակիցների անգործության պատճառով: Ձեզ նման զայրացած եմ մեր պատմության մեջ ևս մեկ անգամ օգտագործվելու պատճառով: Բայց մենք պետք է լուծենք ներսում առկա անկայունությունը: 1994 թ.-ին Արցախում կրակի դադարեցումից ի վեր մենք հնարավորություն ունեցանք ամրապնդելու մեր ազգի դիվանագիտությունն ու ռազմական գործողությունները, բայց փոխարենը զոհ դարձանք կոռուպցիայի և օլիգարխիայի:

Սփյուռքի քաղաքական և տնտեսական ներուժն ակտիվացնելու փոխարեն, նրանք նախընտրեցին մեզ օգտագործել որպես բանկոմատներ: Դուք՝ Հայաստանի քաղաքացիներդ, մի քանի տարի առաջ գնացիք Հանրապետության հրապարակ՝ այդ ամենը փոխելու. հայ ազգը վերածնվեց: Նրանց համար, ովքեր փորձում են հետ շրջել մեր քաղաքացիների ցանկությունները, սա ձեր ժամանակը չէ. ձեր ժամանակն ավարտված է:

Քաղաքականության և գահերի խաղերի ժամանակը չէ, ոչ էլ մեր երկրի ներսում ավազակության ու թալանի նողկալի պատկերների: Դա ամոթալի ու վիրավորական է այն համարձակ զինվորների համար, որոնք իրենց կյանքը տվեցին պայքարելով մեր գոյության համար: Մենք այլևս թույլ չենք տա ձեզ բաժանել մեզ:

Բոլորս շատ հարցեր ունենք: Բայց որպեսզի այս հարցերը օբյեկտիվորեն պատասխանվեն, մենք պետք է թույլ տանք, որ տեղի ունենա ժողովրդավարական գործընթաց: Ի վերջո, ի տարբերություն մեր հարևանների, մենք ժողովրդավար ենք: Միգուցե երիտասարդ ու անփորձ, բայց, այնուամենայնիվ, ժողովրդավարություն:

Եկեք վերահասցեագրենք մեր զայրույթն ու կատաղությունը և դրանք դարձնենք հիմնաքարեր միավորված Հայաստանի համար և ամեն օր քրտնաջան աշխատենք այս պատերազմի աղետալի իրադարձությունների համար արդարություն ձեռք բերելու ուղղությամբ: Եկեք միասին ստեղծենք ավելի ուժեղ, ավելի հզոր, բայց արդար ազգ: Մի ազգ, որը ոչ ոքի առջև պատասխանատու չէ և ոչ ոքի ենթակա չէ»,- նշել է նա: