Foto

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակներից պահանջել եմ գերիների նկատմամբ ցուցաբերել հարգանք եւ կատարել ՄԻԵԴ որոշումը․ Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, ոչ քիչ առաջ ելույթ է ունեցել ԵԽԽՎ Իրավական հարցերի եւ Մարդու իրավունքների հանձնաժողովում ՄԻԵԴ որոշումների կատարման հարցի վերաբերյալ քննարկմանը։

«Ելույթ եմ ունեցել հետեւյալ հարցի առնչությամբ.

Ադրբեջանական զինված ագրեսիան ընդդեմ Արցախի շարունակվում է մինչ այս պահը։

Կան գերիներ՝ երկու կողմից էլ, սակայն այն ընթացքում, երբ հայկական կողմը տրամադրում է բժշկական օգնություն ադրբեջանական գերիներին, գերեվարված սիրիացի վարձկաններին, Ադրբեջանը միջազգային կոնվենցիներով արգելված անմարդկային վերաբերմունքի է արժանացնում հայ գերիներին, որի ապացույցները ներկայացված են միջազգային հանրությանը:

Հայաստանի դիմումի հիման վրա՝ ՄԻԵԴ-ն ադրբեջանական կողմից պահանջել է տեղեկատվություն տրամադրել 8 հայ գերիների վերաբերյալ, սակայն այս պահանջը դեռեւս չի կատարվել։

Եզրափակելով խոսքս՝ բոլոր պատվիրակներին կոչ եմ արել չլռել, Ադրբեջանի պատվիրակներից պահանջել եմ գերիների նկատմամբ ցուցաբերել համապատասխան հարգանք եւ կատարել Եվրոպական դատարանի որոշումն ու փոխանցել հայկական կողմի գերիների վերաբերյալ տեղեկատվությունը Եվրոպական դատարան»,- գրել է նա։