Foto

Աշխարհը պետք է հասկանա, թե ինչ է կատարվում Արցախում. Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը կարևոր է համարում արցախյան պատերազմի հետ կապված տեղեկատվական արշավն ակտիվորեն շարունակելը՝ աշխարհին ցույց տալու Ադրբեջանի, Թուրքիայի ագրեսիան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սերժ Թանկյանը նշել է, որ օտարները պետք է իմանան, պետք է տեսնեն, թե այս օրերին ինչ է կատարվում Արցախում:

«Ադրբեջանցիները, Թուրքիայի հետ, վարձկաններով հարձակվել են Արցախի վրա: Անդադար ռմբակոծում են Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը և այլ քաղաքներ ու բնակավայրեր: Մենք ամեն ինչ անում ենք, որ աշխարհում մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվում այնտեղ: Փորձում ենք նրանց մղել, որ շիտակ որոշումներ կայացնեն, իրենց կառավարական ներկայացուցիչների հետ քննարկեն, որպեսզի պատժամիջոցներ կիրառեն թե Թուրքիայի, թե Ադրբեջանի նկատմամբ, և ի վերջո Արցախը ճանաչեն որպես պետություն»,-ասաց Սերժ Թանկյանը:

Աշխարհահռչակ ռոք երաժիշտը նկատեց, որ հայ ժողովրդի առջև քաղաքակիրթ թշնամի չէ: Նրա խոսքով, պետք է ուշադիր լինել և աշխարհին ցույց տալ, որ սա նույն թուրքական ռեժիմն է, որ 105 տարի առաջ հայերին փորձել է ոչնչացնել: Հիմա, իրենց ռումբերով, փորձում են Արցախի ժողովրդին ոչնչացնել:

«Առաջին անգամ աշխարհում հայերը ոտքի կանգնեցին որպես մեկ ժողովուրդ: Մեր ձայները բարձր հնչում են, և շատ օգուտ կարող ենք ստանալ այս ձևով: Պետք է նույն թափով շարունակենք որպես մեկ ձայն դարձած: Ինձ համար կարևոր է, որ օտարները հասկանան, թե ինչ է կատարվում Արցախում: Սոցիալական ցանցերով, նամակներով պետք է ցույց տանք, որ աղետ է Արցախում, թշնամին արգելված զինատեսակներ է օգտագործում, հայերի գոյությանն է սպառնում»,-նշեց Սերժ Թանկյանը: Երաժիշտն ընդգծեց, որ աշխարհը պետք է հասկանա՝ սա միայն հայերի խնդիրը չէ, այստեղ կան միջազգային հարցեր՝ ահաբեկչություն, բնապահպանական աղետ, մարդու իրավունքների ոտնահարում: Սերժ Թանկյանը կարևոր համարեց Արցախի ճանաչման հարցը, սակայն նշեց, որ այն միակ ձևը պիտի չլինի Արցախի ժողովրդին պաշտպանելու հարցում, մարդու իրավունքների ոտնահարման հարցը նույնչափ կարևոր է:

Տեղեկատվական, քարոզչական աշխատանքներում կարևոր քայլ է «System of a Down»-ի երաժշտական ներդրումը: Խումբը նոյեմբերի 6-ին ներկայացրեց երկու նոր երգ, որով պատմում է Արցախում կատարվածի մասին, անդրադառնում ահաբեկչությանը: Երաժիշտը հիշում է որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ գրեց «Արցախ» անունով հայերեն երգ, որը Արցախի ժողովրդի ճիշտ նկարագրի մասին էր:

«Այժմ էլ նոր երգեր են գալիս, երկու երգ ձայնագրել ենք խմբով: Մեր կիթառահարն արդեն երգ էր գրել զինվորների համար, որը կոչվում է «Protect The Land»: Ասաց, եկեք միասին այս երգի վրա աշխատենք: Այդպես էլ արեցինք և ավարտին հասցրեցինք: Մեկ այլ երգ էլ թողարկեցինք ահաբեկիչների մասին: Բոլոր հասույթները գնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Առաջիկայում դեռ դրամահավաքի միջոցառումներ պետք է ունենանք: Առաջիկայում մենք ցանկանում ենք այցելել Հայաստան: Մենք ձեզ հետ ենք, վստահ ենք ՝ հաղթելու ենք, կանգնած ենք ձեր կողքին, Սփյուռքը պատրաստ է: Հետագայում էլ այս ակտիվությունը պետք է շարունակենք մեր ժողովրդի համար»,-հավելեց Սերժ Թանկյանը: