Foto

Լեռնային Ղարաբաղը դարձել է, ըստ էության, հակաահաբեկչական պատերազմի առաջնագիծ․Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների՝ The Telegraph-ի (Մեծ Բրիտանիա), European Post-ի (Բրյուսել), Foreign Policy-ի (ԱՄՆ), Tageblatt-ի (Ավստրիա) և Il Gеornale-ի (Իտալիա) հարցերին: Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանը.

Հարց – Կապի մե՞ջ եք արդյոք Իրանի ղեկավարության հետ, և ի՞նչ ակնկալիքներ ունեք Իրանից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իրանը մեր հարևան և բարեկամ երկիրն է: Ես այս ընթացքում հեռախոսազրույց եմ ունեցել Իրանի նախագահի հետ, մեր արտաքին գործերի նախարարը կապի մեջ է եղել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ, մեր այլ պետական մարմիններ համագործակցում են իրավիճակի վերլուծության և գնահատման վերաբերյալ: Մենք, ի վերջո, ընդհանուր սահման ունենք, և մեր սահմանապահներն են համագործակցում:

Հարց - Դուք նշեցիք 3 հրադադարները: Առաջինը համաձայնեցվել էր Ռուսաստանի միջնորդությամբ, 2-րդը՝ Ֆրանսիայի, 3-րդը՝ ԱՄՆ-ի: Այդ 3-ն էլ, ինչպես նշեցիք, խախտվել են րոպեների ընթացքում: Արդյոք մտահո՞գ չեք, որ այժմ այլևս տարբերակներ չկան՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դե տեսեք, հիմա փաստորեն Դուք եք ասում՝ այս պահին դիվանագիտական լուծում հնարավոր չէ:

Հարց – Ես հարցնում եմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարզ է, որ Դուք հարցնում եք: Բայց Դուք հիմա, ըստ էության, ասացիք այն, ինչի մասին ինձ հարցնում եք: Ես էլ կարող եմ Ձեզ հարցնել՝ իսկ ինչո՞ւ եք ասում՝ տարբերակներն սպառվում են, իսկ դիվանագիտական լուծումն ի՞նչ եղավ:

Հարց – Չեմ կարծում, թե տարբերակներ չկան, բայց 3 այնպիսի գերտերություններ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն միջնորդում են հրադադարի համաձայնությանը և այն անմիջապես խախտվում է, ի՞նչ կարող է էլ արվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – «Չեխոսլովակիան» պետք է կարողանա ինքն իրեն պաշտպանել: Պետք է ամեն ինչ անի, որ ինքն իրեն պաշտպանի:

Հարց – Ի՞նչ ուղերձ ունեք աշխարհին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իմ հիմնական ուղերձը հետևյալն է. ցավոք, մի «իքս» պահից՝ դա մոտավորապես 2000-ական թվականներն էր, համաշխարհային մամուլում Լեռնային Ղարաբաղի հարցն սկսեցին ներկայացնել որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իրականում, Լեռնային Ղարաբաղի հարցը ոչ մի կապ չունի տարածքային վեճի հետ: Մինչդեռ դրանից 10, 12 տարի առաջ սկսված Ղարաբաղյան շարժումը համարվում էր այն նախադրյալը, որի արդյունքում փլուզվեց Բեռլինի պատը: Որովհետև Ղարաբաղի շարժումն սկսել է որպես Խորհրդային Միության ժողովրդավարացման արտահայտություն:

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայությունը, որը, ինչպես միշտ այդ տարածաշրջանի բնակչության 80 տոկոսն էր, Խորհրդային միության ժողովրդավարացման համատեքստում, երբ Միխայիլ Գորբաչովն Խորհրդային միությունում իրականացնում էր ժողովրդավարացում և վերակառուցում, որոշեց իր իրավունքը պաշտպանելու փորձ անել: Իսկ ի՞նչ իրավունք էր խախտվել: 20-րդ դարասկզբին, երբ Խորհրդային միությունն էր ձևավորվում, և Հարավային Կովկասը մտնում էր Խորհրդային միության մեջ, ձևավորվում էին հանրապետություններ, Ստալինի կամայական որոշման հետևանքով 80 տոկոս բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը ոչ թե Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկվեց, այլ Խորհրդային Ադրբեջանի: Եվ 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Գերագույն խորհուրդը՝ խորհրդարանը, որոշեց այդ պրոցեսն ուղղելու բացարձակապես խաղաղ գործընթաց սկսել: Ինչին Խորհրդային միությունը և Ադրբեջանն արձագանքեցին ուժով, մասնավորապես՝ Սումգայիթ և Բաքու քաղաքներում հայերի ջարդ կազմակերպելով և հետո նաև Լեռնային Ղարաբաղի անմիջական տարածքում: Որից հետո տեղի ունեցավ Խորհրդային միության փլուզման պրոցեսը, և Ադրբեջանը հայտարարեց անկախություն Խորհրդային միությունից:

Իսկ Խորհրդային միությունում գործող կարգերի համաձայն, եթե որևէ հանրապետություն Խորհրդային միությունից անկախանալու գործընթաց է սկսում, նրա կազմում գտնվող միավորումները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, կարող են որոշում կայացնել իրենց սեփական կարգավիճակի վերաբերյալ: Եվ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը նույնպես կայացրել է անկախ լինելու որոշում: Եվ, ինչպես Խորհրդային Ադրբեջանն է անկախացել Խորհրդային միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է անկախացել Խորհրդային Ադրբեջանից: Եվ ինչքան Խորհրդային Ադրբեջանն ուներ այդ իրավունքը, այնքան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ուներ այդ իրավունքը:

Եվ, այո, ասում են, որ միջազգային հանրությունն այդ անկախացումը չի ճանաչել: Լեռնային Ղարաբաղի հայության պայքարը հենց այդ իրավունքը ճանաչելու վերաբերյալ է: Եվ մանավանդ այսօր, երբ

Լեռնային Ղարաբաղը դարձել է, ըստ էության, հակաահաբեկչական պատերազմի առաջնագիծ, այդ իրավունքն ավելի է սրվում: Եվ մենք կարծում ենք, որ առավել ևս հիմա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պետք է կիրառվի «անջատում հանուն փրկության» բանաձևը: Որովհետև Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղ՝ դա նշանակում է էթնիկ զտումներ և Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն: Ես, ինչքան գիտեմ, Դուք եղել եք Ղարաբաղում և տեսել եք հրթիռակոծությունները: Հենց դա է այդ հարցի պատասխանը: Մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչո՞ւ է հրթիռակոծվում Ստեփանակերտը: Մի պարզ պատճառով, որպեսզի մարդիկ հրաժարվեն այնտեղ ապրելու գաղափարից: Սա էթնիկ զտման, ցեղասպանության մի շատ կարևոր բանաձև է: Եվ մեր հիմնական ուղերձն այն է, որ պետք է տեղի ունենա «անջատում հանուն փրկության»:

Հարց – Արդյոք լրջորեն դիտարկո՞ւմ եք այն, որ Հայաստանը ևս կարող է հարձակման ենթարկվել այս պատերազմում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Արդեն իսկ մենք հարձակումներ ունեցել ենք:

Հարց – Ռազմաբազայի վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, ունեցել ենք արդեն հարձակումներ: Եվ չի կարելի բացառել այդպիսի սցենար: