Foto

Մնսկի խումբը Թուրքիային պահում է պարագծին


Անցյալ օրը կարծիք էի հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կանգնած է իրական մարտահրավերի առաջ և ստիպված է լինելու ապացուցել, որայդ ձևաչափը միակ ընդունելին է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Երեկ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը պնդել է թույլ չտալ արտաքին դերակատարների ներգրավվածությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրավիճակի հետագա ապակայունացում։ Այսինքն Ռուսաստանից ու Ֆրանսիայից հետո Միացյալ Նահանգներն էլ Ադրբեջանին, իսկ իրականում Թուրքիային, բացահայտ ակնարկեցին, որ այդ երկիրը մերժվում է աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների ակումբում և ստիպված է լինելու բավարարվել պարագծին գտնվող իր դիրքով:

Սա լուրջ ազդակ է Ադրբեջանին, որ չի կարող հույս դնել Թուրքիայի ակտիվ դիվանագիտական միջամտության վրա, թեև ադրբեջանաթուրքական տանդեմը ցանկանում է ավելի մեծացնել ճնշումն ու դիվանագիտական շանտաժը: Պատահական չեն Արցախի խաղաղ բնակավայրերի և մայրաքաղաքի կատաղի ռմբակոծությունները և լուրերը, իբր Թուրքիան հակամարտության գոտի է տեղափոխում իր էլիտար լեռնահրաձգային ստորաբաժանումը: Միջազգային հանրությունը կարծես համախմբվում ու կոնկրետացնում է իր դիրքորոշումը Արցախի հարցի շուրջ: Հետաքրքիր է, որ վաշինգտոնյան հանդիպումների ընթացքում հումանիտար հրադադարի մասին գրեթե չի խոսվել: Այսինքն միջնորդ երկրները հասկացել են, որ Ադրբեջանը չի ցանկանում կատարել իր ստանձնած հումանիտար պարտավորությունները կամ Ադրբեջանը չէ, որ որոշումներ է կայացնում այդ հարցում: Այս պահին, երբ գրում եմ այս հոդվածը, հայտնի է, որ ՄԽ համանախագահները հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարարին, այսինքն այդ պաշտոնյային հատուկ ասելիք ունեն: Գուցե փորձում են վերջերս «դիվանագետ» նշանակված այդ պաշտոնյային առավել «պոպուլյար» բացատրել, որ Արցախի խնդրի քաղաքական կարգավորումը շարունակում է մնալ իրենց իրավասությունների տիրույթում և ոչ մի երրորդ երկիր (մասնավորապես Թուրքիան) չի կարող խախտել այդ հավասարակշռությունը և ցանկացած շանտաժ և պրովոկացիա կարող է համարժեք արձագանք ստանալ միջազգային հանրության կողմից: Այդ ենթատեքստում կարելի է դիտարկել Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության կողմից ծառայությունների տրամադրման կասեցումը, Ռուսաստանի կողմից ադրբեջանական և թուրքական ծագման գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները և այլն:

Այսքանով հանդերձ դժվար է միանշանակ ասել, թե ադրբեջանական կողմը անհրաժեշտ հետևություններ կանի: Համանախագահներն էլ դա գիտեն: Այո, Ալիևը կարող է հայտարարել, որ արդեն պատրաստ է բանակցությունների, բայց ռազմաճակատում մարտական գործողությունների ակտիվության պահպանումը կրկին ապացուցում է, որ ինքը Ադրբեջանի անունից ընդամենը հայտարարություններ անողն է, իսկ որոշում կայացնողը դեռևս շարունակում է մնալ Էրդողանը: