Foto

Վայրկյան անգամ չվարանելով՝ կամավորագրվում եմ Հայրենիքիս պաշտպանության սուրբ գործին. Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ միանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ կամավորագրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: 

«Ես՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանս, միանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, վայրկյան անգամ չվարանելով՝ կամավորագրվում եմ Հայրենիքիս պաշտպանության սուրբ գործին:

Րոպեներ առաջ Լոռու համայնքապետների հետ անցկացված մարզխորհրդի նիստի ավարտին՝ վարչապետի կոչին միահամուռ կերպով և առանց երկմտելու միացան նաև մարզի համայնքների ղեկավարները, ովքեր վաղն արդեն կներկայացնեն իրենց կողմից ղեկավարվելիք կամավորական ջոկատների կազմերը:

Սիրելի՛ լոռեցիներ. այլևս ժամն է, չկա ետդարձի ճանապարհ: Բոլոր նրանք, ովքեր հասկանում են պահի լրջությունը և կարող են զենք վերցնել, խնդրում եմ այս պահից սկսած դիմել Լոռու մարզպետարան և համայնքապետարաններ:

Ես հավատում եմ մեր միասնականությանը, ես հավատում եմ, որ Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր հայորդու համար վեր է ամեն ինչից: Եվ ուրեմն՝ ի զեն: Հաղթելու ենք»,- գրել է Ղուկասյանը: