Foto

Ջորջ Քլունին տեսաուղերձով սատարել է հայերին

Հոլիվուդյան աստղ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունին տեսաուղերձով աջակցություն է հայտնել հայ ժողովրդին՝ նշելով, որ աղոթում են խաղաղության հաստատման համար:

Տեսանյութը զետեղված է «Ավրորա» մրցանակի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

«Ողջույն: Ափսոս՝ չենք կարող միասին լինել այս երեկո: Անսովոր ժամանակներ են, հատկապես Հայաստանի ժողովրդի համար: Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ հնարավորինս արագ և շուտ խաղաղություն կհաստատվի: Դա ամենագլխավորն է, ինչի մասին մտածում ենք»,- ասում է դերասանը:

Անդրադառնալով «Ավրորա» մրցանակին՝ Քլունին շեշտում է, որ իր համար պատիվ էր հենց սկզբից լինել «Ավրորա» մրցանակի մի մասը՝ Էլի Վիզելի՝ երջանկահիշատակ Էլիի հետ:

«Ամենից առաջ ուզում եմ ի սրտե շնորհավորել «Ավրորա» մրցանակին այն տքնաջան աշխատանքի համար, որ կատարվում է և այն գումարների համար, որոնք ուղղվում են ուշադրություն հրավիրելու և աջակցելու այս մրցանակի արժանացած դափնեկիրներին, մարդկանց, որոնց շնորհվել է այս մրցանակը: Նրանք մեզնից լավագույններն են, բացառիկ են, քանի որ իրենց կյանքն են վտանգում, որպեսզի աշխարհն ավելի լավը դարձնեն»,- նշում է դերասանը:

Այնուամենայնիվ, Ջորջ Քլունին հույս ունի, որ մոտ ապագայում չի լինի «Ավրորա» մրցանակի կարիքը: Դա է իր աղոթքը, իր հույսը: «Շնորհակալություն յուրաքանչյուրի ներգրավվածության համար: Հուսով եմ՝ շուտով կհանդիպենք մեկ վայրում: Ցտեսություն»,- եզրափակում է աշխարհահռչակ դերասանը: