Foto

Նոր իրադրությունը նոր լուծումներ է պահանջում


Արցախում պատերազմը թևակոխեց երրորդ տասնօրյակը: Թե ի՞նչ թանկագին կորուստների ու զրկանքների գնով է հաջողվել պահպանել ռազմաճակատի գիծը և դեռ որոշ տեղերում նախաձեռնություն ձեռք բերվել, ռազմագետները հետագայում կգնահատեն: Այսօր ակտիվ պատերազմական գործողություններին զուգահեռ ընդգծվում են նաև նոր քաղաքական և դիվանագիտական մոտեցումները արցախյան հակամարտության շուրջ: Ակնհայտ է դառնում Թուրքիայի պանօսմանական, կայսերապաշտական քաղաքականությունը, որ մի ամբողջ հարյուրամյակ այդքան հաջողությամբ ստացվում էր քողարկել այսօր քաղաքակիթ հորջորջվող աշխարհից: Աշխարհը թուրքական համընդահանուր շանտաժի դեմ ուներ և այսօր էլ, ցավոք սրտի, ունի մեկ դեղամիջոց, սիրաշահել՝ միաժամանակ օգտագործելով որպես մահակ, բռունցք: Հասկանալի է, որ «միջազգային հանրություն» կոչվածը հիմա դեմ հանդիման կանգնած է իր կողմից շահած ու պահած Թուրքիայի բացահայտ ագրեսիվ ու զավթողական քաղաքականության դեմ, չի ուզում հավատալ, ընդունել, որ Էրդողանին քծնելով, նրան ֆինանսավորելով ու գրկաբաց ընդունելով այսքան տարի օձ է տաքացրել: Բայց արդեն ուշ է և չհավատալն ու չընդունելը հեռու են օբյեկտիվ իրականությունից, որը, արցախյան ճակատում հաջողության հասնելուց հետո աշխարհին թելադրելու է Էրդողանի Թուրքիան:

«Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորումն առանց Թուրքիայի մասնակցության անհնար է»,- արդեն բացահայտ հայտարարում է Իլհամ Ալիևը: Հասկանալի է, որ Ադրբեջանի նախագահը այս խոսքերը ինչ-որ տեղ արտաբերում է սրտի կսկիծով, որովհետև գիտակցում է, թե ինչ ճահիճ է իրեն ներքաշել «մեծ եղբայրը»: Իհարկե, դրանով նա իր ներքին լսարանին ցանկանում է ցույց տալ, որ Թուրքիայի հետ համատեղ ինչ-որ հաջողություններ ունի ռազմաճակատում և դիվանագիտության մեջ: Իրականում նա ուղղակի դարձել է Էրդողանի խոսափողը և փորձում է նրա համար փրկօղակ պատրաստել, տեղ հարթել բանակցային մի գործընթացում, որտեղ եղանակ ստեղծողներն արդեն ակնհայտորեն ցանկանում են տարածություն պահել Թուրքիայից այս տարածաշրջանի բոլոր հակամարտությունների գոտիներում: Առայժմ դա նրանց չի հաջողվել, որովհետև Սիրիայում, Լիբիայում և Կիպրոսում դեռ ընդհանուր «պռոեկտներ» ունեն: Սայակն եթե Եվրոպայի ու ԱՄՆ-ի համար Թուրքիան նաև ՆԱՏՕ-ի գործընկեր է, ապա Ռուսաստանի համար այս «պահմտոցին» արագորեն վերաճում է ազգային անվտանգության խնդրի: Արդեն Ուկրաինան էլ գլխակորույս նետվեց Էրդողանի գիրկը, հույսեր փայփայելով, որ կարող է նրա միջոցով կամ օժանդակությամբ վերադարձնել Ղրիմը: Շատ հետաքրքիր պատահականությամբ նախկին խորհրդային երկրներից որ մեկը ընկել է Արևմուտք-Թուրքիա սարդոստայնը, մի թանկագին բան զոհաբերել է՝ Վրաստանը կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան, իսկ Ուկրաինան՝ Ղրիմը, Դոնբասը: Ե՛վ Վրաստանը, և՛ Ուկրաինան հավատացին, որ կարող են հավասարն հավասարի պես հարաբերվել Թուրքիայի հետ:

Ցավոք՝ Հայաստանին էլ ինչ-որ ժամանակից Արևմուտքում սկսեցին ընկալել որպես Ռուսաստանի պոտենցիալ «նախկին» դաշնակից և որոշակի հետևողականությամբ բերեցին իրերի այնպիսի դասավորության, երբ մեր փոքրիկ, ուժերի առումով հավասարակշիռ տարածաշրջանում ծագեց պատերազմ, որի արդյունքում կկարողանան ներմուծել թուրքական դեստրուկտիվ գործոնը: Հայաստանում էլ դեռ կան մարդիկ, ովքեր հավատում են, որ կարող են թուրքերի ու նրանց ազերի եղբայրների հետ լեզու գտնել ու դրանով խաղաղության Նոբելյան մրցանակ «կպցնել»՝ առանց պատկերացնելու, թե դրա դիմաց ինչ են իրենցից պահանջելու:

Բարեբախտաբար մեր բանակը կարողանում է սրբագրել այդ քաղքական ֆանտազիաները, և այստեղ է, որ մեր դիվանագիտությունը պետք է կարողանա բանակի արդյունավետությամբ գործել և իրավիճակի կարգավորման արագ և արդյունավետ գործիքներ առաջարկել, նույնիսկ եթե դրանք «վիրահատական» են: Նոր իրադրությունը նոր լուծումներ է պահանջում:

 

Հեղինակ: Eduard Saribekyan