Foto

Ո՞րն է արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման նպատակը

 

Հոկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետը հանդիպել է Հայաստանի արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական աջակցությամբ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, կառավարության քայլերին և գործողություններին, այդ թվում՝ դիվանագիտական ասպարեզում, ինչպես նաև պատասխանել մի շարք հարցերի։ Հայտնի է, որ դրանից առաջ վարչապետը հանդիպել է նաև ԱԺ խորհրդի հետ։

Որ պատերազմական գործողություններ սկսվելուց 15 օր անց վարչապետը որոշել է իրադրությունը ներկայացնել քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, լավ է։ Արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները դեռ պատերազմի առաջին օրն էին հայտարարել միասնական ներքաղաքական մորատորիումի մասին և վարչապետի այս քայլը խոսում է ներքաղաքական համերաշխության նրա պատրաստակամության աստիճանի մասին։

Այդուհանդերձ, քաղքաքական որոշակի շրջանների հետ այս հանդիպումների ընթացքում ինչ-որ բան ասվել ու լսվել է։ Միամիտ պետք է լինել կարծելու, որ արտախորհրդական ուժերի ներկայացուցիչները վարչապետից լսածը պետք է պահեն իրենց հուշագրությունների համար։ Ամենայն հավանականությամբ այդ տեղեկատվությունը պետք է ներկայացվի իրենց ղեկավար մարմիններին։ Դասական ժողովրդավարության կանոններն ու տրամաբանությունն էլ ենթադրում են, որ կուսակցական ղեկավար մարմինները ունեղած տեղեկատվությունը քննարկելու և որոշակի դիրքորոշում հայտնելու համար (եթե վարչապետին այդ դիրքորոշումը հետաքրքիր է ընդհանրապես) պետք է այն քննարկեն իրենց «շարքերի» հետ։ Այդ դեպքում ստացվում է, որ որոշակի տեղեկատվություն քաղաքական որոշակի շրջանակներում պտտվում է, իսկ հասարակության մի ստվար՝ ապակուսակցական հատվածը դրանից անտեղյակ է։ Չի բացառվում, որ վարչապետը այսօր կամ վաղը ինչ-ինչ մտահաղացումներով կամ ուղերձով կկիսվի լայն հասարակության հետ, որի մասին ակնարկել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Այս ամենով հանդերձ հետաքրքիր է իմանալ, ի՞նչ նպատակ ունի հանդիպումների և ակնկալվելիք ուղերձի կամ ելույթի այս շարքը։ Արդյո՞ք երկրի բարձրագույն ղեկավարությունն ուղղակի տեղեկացնում է ինչ-որ գործողությունների կամ ծրագրերի մասին, թե՞ ակնկալում է որոշակի հանրային քննարկում և հասարակական կոնսենսուս դրանց վերաբերյալ։ Այստեղից ծագում է մեկ այլ հարց՝ կառավարությունը ցանկանո՞ւմ է լսել քննարկումներ, կարծիքներ և գնահատականներ։ Հայտնի է, որ լրագրները և մասնագիտական փորձագիտական հանրությունը պատերազմական դրության իրավակարգավորումների պայմաններում հայտնվել են տոտալ գրաքննության տակ։ Արդյո՞ք այս պայմաններում սկսված գործընթացը չի մնա ինքնանպատակ։

Հեղինակ: Eduard Saribekyan