Foto

Քարդաշյանն օգտագործում է աստղային ուժը՝ Արցախի հարցով ԱՄՆ-ի վրա ազդեցության համար.The Hill

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այնպես է անում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անի ավելին ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պայմաններում Հայաստանին աջակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է The Hill-ը:

The Hill-ը նկատել է, որ հայկական արմատներով հեռուստաաստղը սոցիալական ցանցի իր միլիոնավոր հետևորդներին կոչ է անում պահանջել Կոնգրեսից, որ դատապարտի Ադրբեջանին՝ որպես պատերազմը հրահրողի և Թուրքիային՝ հակամարտությանը միջամտելու համար:

Լրատվամիջոցը գրել է, որ Քարդաշյան Ուեսթը, որն անմիջական կապ ունի Թրամփի փեսա, ավագ խորհրդատու Ջարեդ Քուշների հետ, ունի ներուժ ՝ մղելու վարչակազմին՝ ավելի ակտիվ, հստակ դիրքորոշում ստանձնելու համար: The Hill-ը նշել է, որ Քարդաշյանի ջանքերի ետևում կանգնած է Լոս Անջելեսում բնակվող «Էմմիի»-ի մրցանակակիր, «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը, որը կոչ է անում ավելի շատ աջակցել Հայաստանին:

Էրիկ Էսրայելյանն իր հարցազրույցներից մեկում ասել է. «Համապատասխան միջազգային ուշադրության բացակայության պայմաններում ներկայիս իրավիճակը հիասթափեցնող է շատ մարդկանց համար»:

Նա նշել է, որ իր ընկերները՝ օրինակ՝ Քիմ Քարդաշյանը, նրա ընտանիքը, քույրերն ու եղբայրները, Շերը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը ունեն ավելի մեծ հարթակ, քան ինքը: «Բայց ես ունակ եմ բոլորին միասին հավաքել… և ինձ համար պատիվ է, որ բոլորը հետաքրքրվում են և հարցնում, թե ինչ կարող են անել»,-ասել է Էսրայելյանը:

Լրատվամիջոցը նկատել է՝ տարածաշրջանային փորձագետները կարծում են, որ Քիմ Քարդաշյան Ուեսթի մեծ ներգրավվածությունը կարող է ազդեցություն ունենալ այս հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման վրա:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Աղբյուրը՝ «Արմենպրես»։