Foto

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլ լուծում չունի, քան խաղաղ կարգավորումն է. Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սկսված ռազմական գործողությունների առաջին րոպեներից հետևում է իրադարձություններին և մշտական կապի մեջ է հակամարտության մեջ ներգրավված բոլոր պետությունների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանն առաջին րոպեներից աշխատանքներ է տանում, բոլոր կողմերի հետ կապի մեջ է, այդ թվում այն երկրների, որոնք այսպես կամ այնպես ներգրավված են: Ամեն ինչ արվում է, որպեսզի օգնենք երկրներին` կարգավորել այս հակամարտություն և վերադառնալ խաղաղ բանակցություններին»,- ասել է Զախարովան:

ԱԳՆ ներկայացուցիչը նշեց, որ խնդիրը չունի այլ լուծում, բացի խաղաղ կարգավորումից:

«Պատերազմում են երիտասարդները և, ցավոք, զոհվում են նրանք, ովքեր դեռ չեն էլ սկսել ապրել: Իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին: Եթե ինձ կախարդական փայտիկ տային և հարցնեին, թե ինչ կցանկանայիր, ես կասեի, որ ցանկանում եմ խաղաղ ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը: Սա իմ անկեղծ ցանկությունն է»,- նշել է Մարիա Զախարովան: