Foto

Աշխարհը չպետք է անտարբեր դիտորդ լինի․ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունը ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունը ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ․

«Մենք խորապես անհանգստացած ենք եւ վշտացած Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ հարձակումով եւ տարածաշրջանում զինված հակամարտության բռնկումով: Ադրբեջանի այս արկածախնդրությունը, որին աջակցում է Թուրքիան, մարդու միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության էսկալացիան՝  խոշոր տրամաչափի զենքերով խաղաղ բնակչության թիրախավորումը եւ հարձակումը քաղաքացիական ենթակառուցվածնքների վրա: Մենք հաստատապես համոզված ենք, որ հակամարտության կայուն կարգավորման հնարավոր է հասնել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմքում ընկած մեր համընդհանուր մարդկայնության ոգին սկիզբ է առնում 1915 թ. Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձություններից: Մենք մեր պատմությունից եւ սեփական փորձից գիտենք, որ նույնիսկ ամենադժվարին պահերին լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում եւ հույս են պարգեւում այլոց: Այսօր, երբ ուժի գործադրումն ուղեկցվում է մարդկային կորուստներով, մենք կոչ ենք անում համաշխարհային հանրությանը՝ հանդես գալու հակամարտության էսկալացիայի անհապաղ թուլացման պահանջով եւ օգնելու խաղաղություն հաստատել Արցախի բնակչության համար:

Աշխարհը չպետք է անտարբեր դիտորդ լինի: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ օգնելու անհապաղ վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում:

Նուբար Աֆեյան, Վարդան Գրեգորյան, Ռուբեն Վարդանյան` «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ» ։