Foto

Այս հասարակությունը չի՞ համապատասխանում այս իշխանությունների պատկերացումներին և պահանջմունքներին

Կրթության ոլորտի բարեփոխումներից և անձամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից հասարակական բողոքն այն աստիճանի է հասել, որ անձնական հակամարտության և վիրավորանքների է վերածվել: Ցավում եմ դրա համար:

Շատ ենք խոսում և լսում, որ սա այն ոլորտն է, որը հիմնականում ու մեծապես ձևավորում է վաղվա քաղաքացուն: Իսկ ինչպե՞ս է պատկերացնում վաղվա քաղաքացուն այսօրվա նախարարը և այն քաղաքական թիմը, որի վստահությունն ամեն անգամ շահարկում է այդ նախարարը: Արայիկ Հարությունյանը բառացիորեն ասում է հետևյալը. «Մենք ուզում ենք ունենալ ազատությունները իմացող, իր իրավունքներն ու պարտականություններն իմացող, վերլուծող, քննադատող քաղաքացի: Եվ հենց էս ձևակերպումն է, որ որոշ շրջանակների խանգարում է, քանի որ, եթե մենք ունենանք այսպիսի քաղաքացի, այլևս այդ խմբերը և քաղաքական շրջանակները որևէ աջակցություն չեն ունենա հանրության մեջ, որովհետև այն արժեքները, որ նրանք դավանում են, քննադատվելու են նոր սերնդի կողմից»:

Նախ համռոտ հասկանանք, թե ի՞նչ է հիմա նախարարությունից և նախարարից պահանջում հասարակությունը: Բարձրագույն կրթական հաստատությունները բողոքում են, որ նախարարը անձամբ խոչընդոտում է բուհերի ինքնավարությանը: Գիտական հանրությունը բողոքում է կրթական չափորոշիչների և բարեփոխումների ռազմավարության դեմ: Դպրոցականները և նրանց ծնողները բողոքում են, որովհետև դպրոցները չեն տալիս ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կրթական որակ: Ուսուցիչները բողոքում են, որ իրենց աշխատավարձը տասնյակ անգամ զիջում է նախարարի պարգևավճարներին և նույնիսկ չի էլ բավարարում կենցաղային արժանապատիվ նվազագույնը: Նրանք գտնվում են վախի մթնոլորտում և խաթարվում է նրանց հանդեպ իրական հասարակական վերաբերմունքն ու գնահատականը: Դիմորդները բողոքում են, որ բուհ ընդունվելու առկա կարգը չի արտացոլում իրենց գիտելիքների օբյեկտիվ գնահատմանը և հնարավորություն չի տալիս ընդունվել նախընտրելի հաստատություններ: Ոսանողները բողոքում են, որ ուսման վարձերը ճգնաժամի պատճառով չեն կարողանում վճարել և կարող են դուրս մնալ բուհից: Ավելնորդ է խոսել մշակույթի ոլորտի մասին, որտեղ օտարածին բարոյամշակութային աղբը համառորեն դուրս է մղում հասարակության և ընտանիքի մասին մեր ուրույն ազգային-ավանդական պատկերացումները:

Քաղաքական կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները կոչված են վեր հանել և բարձրաձայնել հասարակության մեջ առկա խնդիրներն ու բողոքները, փորձել դրանց լուծումներ առաջարկել: Բնական է, որ այդ հարցերը պետք է բարձրացվեն հենց նախարարի ու նախարարության առջև, բայց այս նախարարը չի ցանկանում ընդունել ոչ մի քննադատություն, ոչ մի առաջարկ, որ դուրս է իր թիմի քաղաքական պատկերացումներից և անձամբ իր դաստիարակության և գիտելիքների շրջանակից: Նա իր վարքագծով վիրավորում ու նվաստացնում է քաղաքական ընդդիմախոսներին:

Նախարար Արայիկ Հարությունյանը և իր քաղաքական թիմը հասկանում է, որ այս հասարակությունն իր բոլոր բջիջներով բողոքում է իրենց դեմ և այդ բողոքն անվանում են սուտ, մտացածին և անհիմն: Կզարմանայի, որ այլ կերպ լիներ, որովհետև նույն իրավիճակն է արտաքին քաղաքականության, տնտեսության, առողջապահության ոլորտներում: Մի խոսքով՝ այս հասարակությունն իր կրթական մակարդակով, իր աշխարհայացքով և դավանանքով չի համապատասխանում այս իշխանությունների պատկերացումներին և պահանջմունքներին, երբ իրականում ուղիղ հակառակն է: Հենց սա է, որ ստիպում է այս նախարարին և այս քաղաքական թիմին այսօրվանից ձևավորել այնպիսի հասարակություն, որը վաղը չի քննադատի, չի բողոքի: Ավելին, մանկուրտների այդ նկարագրված հասարակությունը չի էլ հասկանա, որ կարող է բողոքել ու պահանջել, որովհետև իր երազանքների և բարեկեցության նշաձողն այսօրվանից սահմանվում է «յաշիկ» Մերսեդեսով:

Հեղինակ: Eduard Saribekyan