Foto

Հեղափոխություն էինք անում՝ այդպես ստացվեց

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հայտարարեց, որ խորհրդարանի նիստերի դահլիճում իր կողմից 2018-ին հրավառություն կազմակերպելը ուղղակի հանգամանքների արդյունք էր՝ հեղափոխություն էին անում և այդպես ստացվեց: Սա շատ կասկածելի թեզ է, որովհետև նույն տրամաբանությամբ «Սասնա ծռերն» են հայտարարում, որ ապստամբել էին և այդպես ստացվեց, բայց դրա համար իրենց դատում են: Սակայն Արարատ Միրզոյանի այս խոսքերի տակ այլ ուղերձ էլ կա և էականը դա է:

Մարդիկ անկեղծորեն հոգնել են այս իրավիճակից և արդեն ոչ թե լուծումներ, այլ նոր մեղավորներ են փնտրում: Ճիշտ է, իշխանությունները փորձում են այդ փնտրտուքը ուղղել ինչ-որ առեղծվածային «նախկինների» կողմը, բայց ամեն անգամ ավելի դժվար է դա ստացվում, ամեն անգամ ավել բարձր, ավելի վստահ ու պահանջկոտ են հնչում իրենց ուղղված հիասթափության ձայները: Մարդիկ փոփոխություն էին տենչում, որ ապրեն իրավական ու բարգավաճող երկրում, բայց ստացել են նախկինի մոդերնիզացված տարբերակը, որի ակամա գերին են: Հենց հիասթափված քաղաքացին արդարություն է պահանջում, «Մեծ եղբայրը» հիշեցնում է, որ այս «հեղափոխության» պատվիրատուն հենց ինքը՝ բողոքողն ու հիասթափվածն է եղել: «Մեծ եղբայրն» իր յուրաքանչյուր քայլով, խոսքով հեռանում, օտարանում է իր «հեղափոխական» հենարանից՝ պատճառաբանելով, թե ձախողումների միակ աղբյուրը նույն բողոքող քաղաքացու ծուլությունը, տգիտությունը, հակահեղափոխականությունն է:   

Հիմա, երբ բոլոր ձախողումների «պատասխանատուները» նշանակված են, իշխանություն վայելողները յուրաքանչյուր քննադատության դեպքում կարող են ազատ հայտարարել, որ իրենք ուղղակի հեղափոխություն էին անում, բայց այսպես ստացվեց:

Հեղինակ: Eduard Saribekyan