Foto

Ինչո՞ւ են վախենում իշխանական պատգամավորները

Խորհրդարանում իրավունքի ուժով ստեղծվել է COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի անդամների թիվը սահմանելու մասին որոշման հարցն այսօր Ազգային ժողովում փոթորիկ էր առաջացրել: Իշխանական պատգամավորներին հետաքրքրում էր արդյո՞ք այդ հանձնաժողովի աշխատանքները քաղաքական բնույթ կունենան: Դատելով հարցադրումների նյարդից, նրանց վախեցնում է արտակարգ դրության ընթացքում իշխանությունների և պարետատան գործունեությանը քաղաքական գնահատական տալու հեռանկարը:

Եվ իսկապես, ի՞նչ կլինի, երբ պարզվի, որ եթե կառավարությունը ժամանակին փակեր Իրանի սահմանը, Իտալիայի չվերթները, Հայաստանը համաճարակի հակառեկորդներ չէր սահմանի: Արդյո՞ք համավարակի սկզբնական շրջանում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը չնպաստե՞ց հիվանդության տարածմանը, իսկ կորոնավիրուսի նկատմամբ քամահրական հայտարարություններով վարչապետը և նախարարները չնսեմացրի՞ն վտանգի իրական աստիճանը, հասցնելով մարդկային կորուստների: Ի վերջո, եթե այս հանձնաժողովը քննության առնի լոքդաունի և արտակարգ դրության միջոցառումների ընթացքում երկրի տնտեսությանը հասցված վնասները, ստացված արդյունքներն ի՞նչ ճակատագիր են ունենալու:

Եթե իշխող քաղաքական թիմը վստահ է, որ համավարակի դեմ պայքարում ամեն ինչ ճիշտ է արել, նրան ոչ մի քաղաքական գնահատական չպետք է վախեցնի: Այլ է, որ իրական գործունեության դեպքում հանձնաժողովը լրջագույն խնդիրներ է բացահայտելու և քաղաքական գնահատականից խուսափել չի հաջողվի: Իշխանությունները նաև հասկանում են, որ եթե նույնիսկ դա հանձնաժողովը չանի, որովհետև «Իմ քայլն» այնտեղ ճնշող մեծամասնություն է, քաղաքացիները և հասարակական դաշտն ի զորու են դա անել և, որ իր հնչեղությամբ այս հանձնաժողովն ավելի սպասված և ինտրիգային է լինելու, քան նույնիսկ «Ապրիլյանը»:

 

Հեղինակ: Eduard Saribekyan