Foto

Հագուստի մաքսազերծման նոր գները լուրջ հարված կհասցնեն բիզնեսին. Սամսոն Գրիգորյան

«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը հույս է ունեցել, որ ՊԵԿ–ն օրենքի փոփոխությամբ կիրականացնի նաև որոշակի ձևաչափերի փոփոխություն` վերանայելով հսկիչ գներն ու ապրանքների գնահատման մեթոդները, բայց ինչպես նշում են նոր օրենքի դեմ բողոքողները, փաստորեն կիրառվում են մաքսազերծման բավականին թանկ գներ, և նույնիսկ էժան սեգմենտի հագուստի պարագայում մարդկանց ձեռնտու չէ այլևս աշխատել նման պայմաններով։ 

Սամսոն Գրգորյանի կարծիքով` մեզ մոտ փորձում են ինչ–որ հարց լուծել, բայց դրանով ավելի շատ վնասում են։

Նա հույս ունի, որ ՊԵԿ–ը բողոքի դրսևորումներից հետո կվերանայի իր մոտեցումը, որովհետև հագուստի մաքսազերծման նոր գներն անխուսափելիորեն լուրջ հարված կհասցնեն բիզնեսին։ Սամսոն Գրիգորյանի գնահատմամբ` մաքսային մարմինը շարունակում է չվստահել տնտեսվարողներին, նրանց ներկայացրած հաշիվ–ապրանքագրերն արժանահավատ չի համարում` կիրառելով իր հսկիչ գները։

«Կիլոգրամով մաքսազերծումը ճիշտ չէ այն առումով, որ նույնացվում են բոլոր ապրանքները, բայց չէ՞ որ մեկը բերում է բրենդային թանկ ապրանք, մյուսը` համեմատաբար էժան ապրանք, գների միջև կա զգալի տարբերություն»,– նշում է «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգողը։ 

Սամսոն Գրիգորյանը դեմ չէ, որ ապրանքները տարանջատվեն ու մաքսազերծվեն առանձին հաշիվ–ապրանքագրերով, սակայն ճիշտ չի համարում, որ այդ հաշիվ–ապրանքագրերը համարում են անարժանահավատ և կիրառում հսկիչ գներ, որոնք աննորմալ բարձր են։ Ըստ նրա` ՊԵԿ–ի նոր օրենքը մուլտիպլիկատիվ էֆեկտով հարվածելու է բոլորին, մարկանց գնողունակությունն առանց այդ էլ բարձր չէ, մեր երկիրն էլ այն վիճակում չէ, որ իրեն թույլ տա նման շռայլություն։

Արդյունքում շատ տնտեսվարողներ կփակեն իրենց բիզնեսը, իսկ յուրաքանչյուր կորսված տնտեսվարող, ըստ նրա, հավելյալ բեռ է պետության վրա։     

Հիշեցնենք, որ ըստ օրենքի` ներմուծվող հագուստը մաքսազերծվում է մյուս ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։ Այսինքն` այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, այլ հաշիվ–ապրանքագրերում պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։ Ըստ այդմ էլ կսահմանվի ապրանքի մաքսազերծման գին։