Foto

Հեշտ ու «բարոյական» է կաբինետից ասել՝ «ղալաթ կանեն»

Կորոնավիրուսի թվերը Հայաստանում նվազել են: Չգիտեմ՝ դա հայտարարվող թվերի մանիպուլյացիայի, թե՞ բնակչության իմունիտետի բարձրացման հետևանք է, բայց որ այս երկար ամիսների ընթացքում այդպես էլ կառավարության կողմից իրական քայլեր չտեսանք, դա ակնհայտ է: Սակայն խոսքը ոչ թե վիրուսի դեմ պայքարի, այլ դրա իբր հաղթահարման ֆոնին իշխանությունների հռետորաբանության փոփոխության մասին է: BBCHARDtalk հաղորդմանը տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, թե նախորդ երկու տարիների մեր տնտեսական «թռիչքը» դանդաղել է համավարակի պատճառով: Իրական պատճառների և «թռիչքի» վերաբերյալ վերապահումները մի կողմ թողնելով՝ անհրաժեշտ է արձանագրել, որ նույնիսկ 2018-2019 թվականներին երկրի քաղաքացիները չզգացին այդ «թռիչքի» ազդեցությունը: Սահմանափակ թվով մարդիկ, ովքեր քաղաքական թիմի հովանոցի տակ բարձր պաշտոններ ստացան, կարող են հակառակը պնդել, քանի որ բազմամիլիոն պարգևավճարներ են ստացել, թանկարժեք մեքենաներ ու բնակարաններ գնել: Բայց շարքային քաղաքացիները, նույնիսկ գործարար, ամեն օր արձանագրում են եկամուտների նվազում, փակվում են բիզնեսներ, արտագաղթում են:

Արտակարգ դրության որոշ սահմանափակումներ չեղարկելուց հետո վարչապետը երեկ կրկին խոսեց բիզնեսի կուլտուրայից, հարկերից խուսափելուց և կառավարությանը կոռուպցիայի մեջ մեղադրողներին էլ «տեղը դրեց», թե «ղալաթ» կանեն: Իհարկե, շատ հեշտ ու ամենակարևորը՝ խիստ «բարոյական» է սեփական կաբինետից ու ոստիկանությամբ շրջապատված հոխորտալ և մեղադրել ուրիշներին: Առավել դժվար է խոստովանել, որ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ նոր՝ սեփական բուրժուազիա է ձևավորվում, սեփական իշխանությունը պահելու համար նոր ոստիկանություն է ստեղծում, դատական համակարգը կախման մեջ է գցվում քաղաքական իշխանություններից: Քաղաքացիները բազմաթիվ հարցերի պատասխաններ են սպասում՝ երբ է վերջ տրվելու անիմաստ «դիմակահանդեսին», ի՞նչ եղան ադամանդների, մետաղի ջարդոնի, ապօրինի զենքի ու մաքսանենգ սիգարետների գործերը, ի՞նչ ճակատագիր է սպասվում Ամուլսարին և այլն: Բայց փոխարենը նորից լսում է ՀԴՄ կտրոնների մասին փչացած ձայնապնակի խզզոցը:

«Թավշյա» իրադարձություններից երկուսուկես տարի անց նոր իշխանությունները հասցրել են իրականությունից և իրենց ձայն տված քաղաքացիներից այնքան հեռանալ, որ կարգախոսների երկրորդ շրջանն են կրկնում՝ ՀԴՄ չենք տպում:

Հեղինակ: Eduard Saribekyan