Foto

Իսրայել Հակոբկոխյանն անժամկետ հացադուլ է սկսել. տեսանյութ

Նախկին բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանն անժամկետ հացադուլ է սկսել Գարեգին Նժդեհի արձանի մոտ` այդ կերպ իր բողոքը հայտնելով իշխանության մի շարք քայլերի դեմ։

Մասնավորապես, բողոքը վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացմանը, «Հայոց պատմություն», «Հայ գրականություն» առարկաների վերաբերյալ տարվող քաղաքականությանը, ինչպես նաև երկրում ստեղծված ատելության մթնոլորտին։

«Իմ հացադուլի նպատակը մեր ազգի մասին մտահոգված բոլոր մարդկանց համախմբելն է, որ երկիրը կործանման չտանեն։ Իմ նպատակն է քաղաքացիներին համախմբելը, իրար հանդեպ բարեհամբույր լինելը, ոչ թե բաժանումը՝ սևի, սպիտակի։ Նախկինում էլ կային խնդիրներ, փորձում էին լուծել, մի մասը ստացվում էր, մի մասը՝ ոչ, բայց ազգս երբեք այսպես չէր թշնամացել իրար հանդեպ։ Դրա մեղավորն այսօրվա իշխանություններն են, որ բաժանեցին սևի ու սպիտակի»,- ասաց նա։

Հարցին, թե ինչու բողոքի ձայնը բարձրացնելու ծայրահեղ միջոցի՝ հացադուլի դիմեցիք, Իսրայել Հակոբկոխյանը պատասխանեց․ «Ամեն օր տեսնում եք Կառավարության դիմաց մարդիկ են հավաքվում, այն մարդիկ, որոնց ուսերին եկան այսօրվա իշխանավորները։ Ո՞վ է նրանց լսում, արհամարհական կեցվածքի մեջ են։ Հիմա ես էլ գնամ կանգնեմ Կառավարության դիմաց, խնդրեմ, որ մեկը դուրս գա, ինձ հետ զրուցի՞։ Եթե հասկացող լինեին, այսքան ժամանակ հասկացել էին՝ ինչ է պետք»։

Աղբյուր՝ Tert.am