Foto

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Սևրի պայմանագրի մասին խոսում անցյալ ժամանակով

«Չնայած Սևրի պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, այն շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ, որն արտացոլում է անկախ պետականության վերականգնման համար անցած մեր ուղին: Մեր պարտքն է հիշել այն, գիտակցել և պահպանել նրա խորհուրդը»

Նիկոլ Փաշինյան

Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի նսեմացնում է այդ փաստաթղթի իրավարար նշանակությունը՝ այն դիտարկելով զուտ որպես պատմական փաստ, որը պետք է մնա «գիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների առարկա»:

Ասել թե սա զայրացնում է, նշանակում է ոչինչ չասել: Ասելով, թե պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց՝  Նիկոլ Փաշինյանն արդյո՞ք փաստացի կասկածի տակ չի դնում մեր տարածաշրջանում Սևրի պայմանագրով ստեղծված մոտ տասնյակ պետությունների գոյության իրավական հիմքերը՝ դրանով էլ ավելի վատթարացնելով մեր հարաբերություններն այդ երկրների հետ: Այն ձևակերպումը (պատմական փաստ), որ օգտագործում է ՀՀ վարչապետը, ձեռնտու է միայն Թուրքիային, որն իր պատմության ընթացքում բազմաթիվ նման փաստերի հետ է առընչվել, բայց հանգամանքների բերումով միայն շատ քչերն է իրագործել այնպես, ինչպես իրեն պարտադրվել է: Փաշինյանը Սևրի պայմանագիրը չի դիտարկում որպես իրավարար վճիռ, հայկական պետության վերականգնման իրավական փաստաթուղթ՝ իր ուղերձում դրա մասին խոսելով անցյալ ժամանակով: Նա հավանաբար մոռանում է, որ առաջին աշխարհամարտին իր մասնակցությամբ հայ ժողովորդը ձեռք բերեց հզոր սուբյեկտայնություն, ու թեև այն ժամանակ չկարողացավ իրացնել դա իր սովերենության տեսքով, բայց պայմանագիրն այսօր էլ գործող է և դրա դրույթները միջազգային իրավունքի և գործող աշխարհակարգի հզոր գործիք են նաև մեր պետության համար, մեր օրերում:

Ասել, թե զարմանում եմ, նույնպես սխալ կլինի, որովհետև Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը որոշող պաշտոնյան՝ վարչապետը, մեր ժողովրդի և երկրի համար այս կարևորագույն փաստաթղթին նայում է ճիշտ այնպես՝ ինչպես հանրակրթական դպրոցի համար հայ ժողովրդի պատմության առարկայի չափորոշիչների հեղինակները, այսինքն թուրք պատմագրության հետ «տոլերանտ» համադրության մեջ: Կարծես մեզ համոզում, ներշնչում է, որ Սևրի պայմանագիրը զուտ արտացոլում է անկախ պետականության վերականգնման համար անցած մեր ուղին՝ այդ միտքը համեմելով «տարածաշրջա­նում մուսուլման և քրիստոնյա ժողովուրդների համակեցության, խաղաղ գոյակցության և տարածաշրջանի քաղաքակրթական բազմազանության պահպանման և հետագա զարգացման» գաղափարով: Պատահական չէ, որ ինքը շարունակում է մնալ այն կարծիքին, որ ուժերի այս դասավորությամբ հայ ժողովուրդը կարող է անվտանգ ապրել մի միջավայրում, որտեղ փակ են իր երկրի սահմանները, որտեղ առկա արցախյան հակամարտությունը կարող է լուծվել միայն բոլոր երեք կողմերին բավարարող պայմանների դեպքում:

Հ.Գ.

Հետաքրքիր է՝ նույն Սևրի պայմանագրի մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուղերձում ասում է. «Սևրի պայմանագիրը չարժանացավ լիակատար վավերացման (հետևաբար մնում է անկատար (unperfected) և, ճիշտ է, Հայաստանի մասով որոշումները միջազգային քաղաքական իրադրության փոփոխության պատճառով չեն իրականացվել, սակայն այն նաև երբևէ չեղյալ չի հայտարարվել: Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդի համախմբմանը իր պատմական տարածքների վրա։

 

Հեղինակ: Eduard Saribekyan