Foto

Դիլիջանի ԲԿ-ում Covid-19-ի բաժանմունքն այլև չի գործում. դուրս է գրվել վերջին առողջացած պացիենտը

Դիլիջանի բժշկական կենտրոնում բացված Covid-19-ի բաժանմունքն այլևս չի գործում, կենտրոնը վերադառնում է իր նախկին աշխատանքային ռեժիմին: Այս մասին ասված է Դիլիջանի բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

«Ուրախությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի նվազման հետ կապված՝ Դիլիջանի բժշկական կենտրոնը վերադառնում է իր նախկին աշխատանքային ռեժիմին: Հպարտությամբ ենք նշում, որ մենք նույնպես մեր փոքր լուման ենք ներդրել այս վարակի դեմ լարված և անձնվեր պայքարում, որ տարվում է ողջ հանրապետությունում, և պատվով ենք կատարել մեր առջև դրված խնդիրները: Ուզում ենք խորին շնորհակալություն հայտնել այն անձանց, որոնք ներգրավված են եղել այդ հերոսական աշխատանքում՝ բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, մայրապետներին, ախտորոշիչ բաժանմունքի աշխատակիցներին, սննդի մատակարարման աշխատողներին, կազմակերպիչներին: Դիլիջանի բժշկական կենտրոնում բացված Covid-19 բաժանմունքը օգոստոսի 1-ից այլևս չի գործում: Շենքն ամբողջությամբ ախտահանվել է, գործում է նախկին բնականոն հունով և պատրաստ է ընդունել պացիենտներին»,- ասված է հայտարարության մեջ:

2020 թվականի հունիսի 12-ից մինչև հուլիսի 31-ը Դիլիջանի բժշկական կենտրոնում բուժում է ստացել Covid-19 դրական մոտ 200 պացիենտ: