Foto

Արտակարգ դրության փոխարեն՝ նոր օրենսդրական փաթեթներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Արդարադատության նախարարությունը օրենսդրական փաթեթ են մշակում, որի փոփոխությունները վերաբերելու են Արտակարգ իրավիճակում բնակչության պաշտպանության մասին օրենքին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք մշակվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած այն կարգավորումները, որոնք հնարավորություն կտան արտակարգ դրությունը երկարաձգելու փոխարեն, Covid-19-ի սահմանափակումներն ու միջոցառումներն իրականացնել արտակարգ իրավիճակ հայտարարելու միջոցով:

«Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ Արդարադատության նախարարությունը մշակում է օրենսդրական փաթեթ: Փոփոխությունները վերաբերում են Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին և ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքներին»,- ասաց Մարտիրոսյանը:

Արդարադատության նախարարի մամուլի խոսնակը ժամկետներ չնշեց, թե երբ կավարտվեն համատեղ աշխատանքներն ու նախագիծը կդրվի շրջանառության մեջ: