Foto

Ասել, որ մենք պետք է հրաժարվենք բնական պաշարների օգտագործումից, իհարկե, ճիշտ չէ. Փաշինյան

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Էրիկ Գրիգորյանին և շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանին համատեղ աշխատանքի համար:

Վարչապետը, նաև շնորհավորելով Ռոմանոս Պետրոսյանին, իր խոսքում ընդգծել է, որ աշխարհում բնության նկատմամբ կան ծայրահեղ մոտեցումներ, մի դեպքում հանդիպում ենք բնության պաշտամունքի, մյուս դեպքում՝ արհամարհանքի։ Փաշինյանի խոսքով` կառավարության խնդիրն է գտնել այն հավասարակշռված և ճիշտ մոտեցումը, որով կփորձեն լուծել այն հակասությունը, որը կա քաղաքակրթության և բնության մեջ:

«Ասել, որ մենք պետք է հրաժարվենք, օրինակ, բնական պաշարների օգտագործումից, դա, իհարկե, ճիշտ չէ, խելամիտ չէ և հնարավոր չէ, բայց մյուս կողմից մենք չենք կարող բնապահպանական աղետների ճանապարհով գնալ: Դա արդեն ոչ միայն ճիշտ չէ, այլև մենք ուղղակի թույլ չենք տա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: