Foto

«Լեռնային Ղարաբաղի բազմամյա հակամարտությունը անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով»․ Զայցև

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացումը մտահոգության տեղիք է տալիս․ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը, գրում է ria.ru-ն։

«Ռուսաստանում մեծ անհանգստությամբ են ընդունել վերջին շրջանում մեր բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացումը։ Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի բազմամյա հակամարտությունը, ինչպես և միջազգային ասպարեզում ցանկացած այլ տարաձայնություն, անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ, դիվանագիտական բանակցությունների ճանապարհով»,- հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Զայցևը:

Զայցևն ընդգծել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ ջանքերը հետագա էսկալացիան թույլ չտալու համար, այդ թվում ՝ «տարածաշրջանում առանցքային գործընկերների հետ օպերատիվ փոխգործակցության միջոցով»: Մասնավորապես, Զայցևը հիշատակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ վերջին հեռախոսազրույցները։

Բացի այդ, ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է ադրբեջանա-թուրքական զորավարժությունները:

«Մենք, բնականաբար, առավել ուշադիր ենք հետևում տարածաշրջանում տիրող իրավիճակին, հատկապես հաշվի առնելով վերջերս հայ-ադրբեջանական հակամարտությունը, և բոլոր կողմերին զսպվածության կոչ ենք անում, այդ թվում՝ նրանց ընթացիկ ռազմական գործունեության մեջ»,- հայտարարել է Ալեքսեյ Զայցևը:

Աղբյուրը՝Tert.am