Foto

1000 խոշոր հարկատուները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020թ. երկրորդ եռամսյակի՝ հունվար-հունիս ամիսների արդյունքով 1000 խոշոր հարկատուների ցանկը:

Հանրապետության 1000 խոշոր հարկատու ընկերությունները միասին այս տարվա հունվար-հունիս ամիսներին պետբյուջե են վճարել 492 մլրդ 668 մլն 865 հազար դրամի հարկեր և տուրքեր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 511 մլրդ 33 մլն 906 հազար դրամի դիմաց: Խոշոր հարկատուների վճարած հարկերը 2020-ի երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 18 մլրդ 365 մլն 41 հազար դրամով կամ շուրջ 3.6%-ով։

1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գրանդ տոբակո» ընկերությունը 26 մլրդ 339 մլն 387 հազար դրամ հարկերով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության վճարած հարկերը նվազել են 1 մլրդ 942 մլն 17 հազար դրամով կամ 6.87 տոկոսով։

Երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 25 մլրդ 978 մլն 780 հազար դրամ հարկերով։ 2019-ի առաջին կիսամյակում ընկերությունը վճարել էր 22 մլրդ 794 մլն 377 հազար դրամ հարկ: Ստացվում է, որ այս դեպքում արդեն ընկերության վճարած հարկերն ավելացել են 3 մլրդ 184 մլն 403 հազար դրամով կամ շուրջ 14 տոկոսով։

2019-ի առաջին կիսամյակի առաջատարը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, այս անգամ 3-րդ տեղում է։ 2020-ի հունվար-հունիս ամիսներին ընկերությունը վճարել է 21 մլրդ 629 մլն 546 հազար դրամ հարկեր։ 2019-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել է 29 մլրդ 504 մլն 850 հազար դրամ հարկեր։ ԶՊՄԿ-ի վճարած հարկերը նվազել են 7 մլրդ 875 մլն 304 հազար դրամով կամ շուրջ 26.7 տոկոսով:

4-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է՝ վճարած 12 մլրդ 771 մլն 18 հազար դրամ հարկերով։ Ընկերության վճարած հարկերն աճել են շուրջ 40 տոկոսով։

Ցանկի 5-րդ տեղում է «Սիփիէս Օիլ» ընկերությունը՝ վճարած 9 մլրդ 678 մլն 792 հազար դրամ հարկերով։ Ընկերության վճարված հարկերն աճել են 4 մլրդ 556 մլն 506 հազար դրամով կամ շուրջ 89 տոկոսով։

2020-ի առաջին կիսամյակում 6-րդ խոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 9 մլրդ 571 մլն 58 հազար դրամ հարկերով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 9 մլրդ 455 մլն 82 հազար դրամ հարկեր։
7-րդ խոշոր հարկատուն Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է՝ վճարած 8 մլրդ 11 մլն 564 հազար դրամ հարկերով։ 2019-ի հունվար-հունիսին ընկերությունը վճարել էր 7 մլրդ 601 մլն 578 հազար դրամ հարկեր:

8-րդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 6 մլրդ 946 մլն 388 հազար դրամ հարկերով։ Ընկերության վճարած հարկերը՝ նախորդ տարվա համեմատ ավելացել են շուրջ 1 մլրդ 766 մլն 218 հազար դրամով կամ 34.1 տոկոսով:
9-րդ խոշոր հարկատուն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է՝ վճարած 6 մլրդ 936 մլն 581 հազար դրամ հարկերով։ ՀԷՑ-ի վճարած հարկերը նույնպես նվազել են 856 մլն 603 հազար դրամով կամ շուրջ 11 տոկոսով:
Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «ՄՏՍ-Հայաստան» ընկերությունը՝ վճարած 6 մլրդ 889 մլն 228 հազար դրամ հարկերով:

Ընկերության վճարած հարկերն ավելացել են գրեթե 3 անգամ։

Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 3-ը ներկայացնում են էներգակիրների, 3-ը՝ ծխախոտագործության, 2-ը՝ հանքարդյունաբերության և մեկական ներկայացուցիչներով ներկայացված են էներգետիկայի և կապի ոլորտները։