Foto

Ես գտել եմ տրամաբանությունը

Այս օրերին ոչ մի բառով չեմ անդրադարձել ընդունելության քննություններին և դրանց արդյունքների շուրջ զարգացող իրադարձություններին: Ուզում էի հասկանալ բոլոր կողմերին և գտնել թեկուզ չնչին, բայց ինչ-որ տրամաբանություն: Կասեք անիմաստ զբաղմո՞ւնք է: Ո՛չ, գտե՛լ եմ:

Իմ համոզմամբ այստեղ իրական ենթագիտակցական կապ կա իշխանությունների կառավարման, իշխանության նկատմամբ պատկերացումների և գործելաոճի մեջ: Ի՞նչ է ստացվել. Բարձր միավոր վաստակած բայց մասնագիտության «սխալ» ընտրություն կատարած դիմորդը տեղը զիջել է ցածր գնահատական ունեցող, բայց «ճիշտ» կողմնորոշված դիմորդին: Այսինքն նվազ գիտելիք ունեցող «շուստրին» դուրս է մղել առավել բանիմաց մրցակցին: Իսկ որտե՞ղ է վերը նշածս ենթագիտակցական կապը:

Բերեմ օրինակներ. այսօր կառավարությունում ու իշխանության ամենատարբեր օղակներում հիմնականում հավաքվել են ժամանակին «ճիշտ» ընտրություն կատարած «շուստրիները», ովքեր ոչ մի էական արժանիք չեն ունեցել, բացի այս կամ այն արևմտյան հիմանդրամից գրանտ կպցնելը կամ այդ գրանտների շրջանակներում Երևանի փողոցներն ու փաբերը չափչփելը: Առավել «շուստրիները» ժամանակին մի քիչ ոտքերին նեղություն են տվել, Գյումրի-Երևան երթուղու ինչ-որ հատվածից միացել են քայլող Փաշինյանին ու հիմա նախարար են: Կան նաև ակամա «շուստրիներ», որոնցից մեկի բախտը ուղղակի բերել է, որ ծնվել է վարչապետի աներոջ ընտանիքում, իսկ երկրորդը աշխատել է նույն վարչապետի թերթում, այն դեպքում, երբ այլ պարբերականում նույնիսկ թղթատարություն չէին վստահի, ու հիմա պատգամավոր են: Մի ուրշի բախտը բերել է, որովհետև իր մասնագիտական ապիկարության պատճառով գործ չէր գտնում ու ստիպված դարձել էր մի մարգինալ խմբի փաստաբանը, հիմա երկրում հարց լուծողի համարում ունի, թեև իրականում միայն պրոբլեմներ է առաջացնում նույնիսկ սեփական թիմի համար: Ոմանց բախտն էլ բերել է, որ երեք նախագահներից միայն առաջինն է իրենց հետ միտինգի տեղը նկարվել ու դրանով տիրացել այդ «բախտավորների» սրտին ու մտքին (նույնպես ոչինչ չի ասում նրանց մտավոր արժանիքների մասին): Ի դեպ, սրանց մեծ մասի բախտը նաև բերել է, որովհետև հիվանդության պատճառով բանակում չեն ծառայել, բայց հիմա մարտական գեներալներից «քննություն» են ընդունում:

Այս իշխանությունները, որոնք ձևավորևվել են բացառապես բախտի բերմամբ նույն կամ նույնատիպ թիմում գտնվողներով (այսինքն «ճիշտ ֆակուլտետ» են ընտրել), ենթագիտակցորեն հասկանում են, որ իրենց իշխանությունը կարող են ամրապնդել, երկարաձգել բացառապես բախտի բերմամբ «հաջողածների» հասարակական բազիսի վրա: Գիտելիքը, մասնագիտական կարողությունները, գաղափարականությունը այս իշխանությունները մերժում են բոլոր պարագաներում, նույնիսկ ընդունելության քննություններում: Չեմ զարմանա, որ այսօրվա «բախտավորները» լրացնեն իրենց բուհերի ուսխորհուրդները, այլ ուսնողական հասարակական հարթակներ, որովհետև 7.5 միավորի բազայով ո՛չ բարձրագույն մաթեմատիկա կարող են հաղթահարել, ո՛չ էլ Ջահուկյան կամ Լեո կդառնան: Նրանց  ապագան միշտ էլ կախված է լինելու «ճիշտ ֆակուլտետ» ընտրելուց:

Հ.Գ.

Եզակի բացառությունները հաստատելու են այս օրինաչափությունը:

Հ. Հ. Գ.

Նախկինում էլ էր այդպես:

Հեղինակ: Eduard Saribekyan