Foto

Միջազգային ահաբեկչությանը՝ պինցետով ու տնական օղիով

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ֆրանսիական «France 24»-ին տրված հարցազրույցում խոսել է հայ-ադրբեջանական սահմանային վերջին ընդհարումների և արցախյան հակամարտության կարգավորման հայկական կողմի տեսլականի մասին: Թվում էր, թե անցյալ շաբաթվա սահմանային լարվածությունը, խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների միտումնավոր թիրախավորումը, Թուրքիայի անթաքույց միջամտության փորձերը որոշակի սրբագրումներ են մտցրել հայկական դիվանագիտության տեսակետներում և գնահատականների մեջ: Սակայն նախարարի խոսքում տեղ է գտել հետևյալ միտքը. «Մենք լիովին հանձնառու ենք հարցի խաղաղ կարգավորմանն այնպիսի մոտեցմամբ, որ Հայաստանի, Արցախի, ինչպես նաև Ադրբեջանի շահերը հավասարապես կհասցեագրվեն: Մենք աշխատում ենք փոխզիջման վրա հիմնված լուծման ուղղությամբ և շարունակելու ենք ջանքեր ներդնել խաղաղ կարգավորման համար»: Այսինքն Հայաստանի իշխանությունները դեռ հավատո՞ւմ են, որ հակամարտության կարգավորման համար կա կամ կարող է լինել այնպիսի լուծում, որը կարող է բավարարել և՛ Հայաստանին, և՛ Արցախին, և՛ Ադրբեջանին: Սա ցավալի իրականություն է, քանզի «հավասարապես հասցեագրել» Ադրբեջանի շահերը, որը պատրաստ է նույնիսկ Հայկական ատոմակայանը ռմբակոծել, Հայաստանի և Արցախի շահերի հետ անհնար է: Այդ տիրույթները ոչ մի հատման կետ չունեն: Իրականությունն ապացուցում է, որ Ադրբեջանին խաղաղություն պետք է բացառապես պարտադրել: Ադրբեջանի ժողովուրդը նույնպիսի մոլեռանդությամբ է տրամադրված, ինչպես իր նախագահը: Բաքվի գույցերում հնչած կոչերը, «ծիրանային» պատերազմը, երկու թուրքական պետությունների բացահայտ թշնամական կեցվածքը այլ տեսությունների համար տեղ չեն թողնում: Եթե Մնացականյանը դեռ խոսում է ինչ-որ փոխզիջումների մասին, արդյո՞ք դա նշանակում է, որ Ալիևի կառուցողականության մասին իրենց կարծիքում ՀՀ իշխանությունները դեռևս հաստատակամ են: Մեհրիբան Ալիևայի ռազմատենչ արձագանքը մեր վարչապետի կնոջ խաղաղասիրական դիֆերամբներին դեռ կասկածի տեղ թողե՞լ է, որ Ադրբեջանը ձգտում է ցանկացած գնով իր օգտին վճռել արցախա-ադրբեջանական դիմակայությունը: Հայաստանում և հայկական աշխարհում դեռ կա՞ն մարդիկ, ում պարզ չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են քարտեզից ջնջել Հայաստանն ու հայ անունը, ավարտին հասցնել 1915-ի ցեղասպանությունը:

Թերևս մի փոփոխություն նկատվում է Զոհրաբ Մնացականյանի խոսքում: Այն է՝ «Մենք բավական հաստատակամ ենք եղել լարվածության ռիսկերի նվազեցման և հրադադարի խախտման հետաքննության միջոցների ներդրման հարցում»: Ակնհայտ է, որ 2018-ի իշխանափոխությունից հետո մեկնարկած բանակցային անհասկանալի գործընթացի առաջին օրվանից Ս. Պետերբուրգի և Վիենայի պայմանավորվածությունները մնացել էին հայտնի վերելակում, իսկ սահմանագծի հարաբերական անդորրը պահպանվում էր ինչ-որ խորհրդավոր պայմանավորվածությամբ, որը մի չար պատահականությամբ համընկավ կրտսեր Փաշինյանի ժամկետային զինծառայության հետ:

Հիմա հայտարարել, որ մենք «հաստատակամ ենք եղել այդ հարցում», ցինիզմ է: Դեռ պարզ չէ՝ կկարողանա՞ հայկական դիվանագիտությունը կրկին ակտիվացնել այդ պայմանավորվածությունները, որքա՞ն ժամանակ ու ջանք է պահանջվելու դրա համար: Գոնե անկեղծ ցանկություն կա՞:

Մի նկատառում ևս: Դեռ տարիներ առաջ միջազգային հանրությունը բարձրաձայնում էր, որ Մերձավոր Արևելքում հակաահաբեկչական գործողությունները կստիպեն ծայրահեղական ահաբեկիչներին այլ հակամարտություններ տեղափոխվել և Ադրբեջանն այդ ցանկում առաջիններից էր: Հայկական դիվանագիտության ղեկավարը չի՞ ցանկանում դրա մասին բարձրաձայնել, թե՞ միջազգային ահաբեկիչներին հավաքագրելու և արցախա-ադրբեջանական հակամարտության մեջ օգտագործելու թուրքական նախաձեռնությունը նույնպես պինցետով ու տնական օղիով ենք չեզոքացնելու:

 

 

Հեղինակ: Eduard Saribekyan