Foto

Ո՞ւմ է պետք այս չիպոլինոյական սահմանափակումների արտակարգ դրությունը

Կառավարությունը որոշել է արտակարգ դրությունը կրկին մեկ ամսով երկարացնել: Փախվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում երկարաշունչ ելույթի ընթացքում այդպես էլ չկարողացավ հիմնավորել ԱԴ երկարացման անհրաժեշտությունը, բացի նրանից, որ առկա սահմանափակումները հնարավոր է պահպանել միայն այդ ռեժիմի պայմաններում և, որ կառավարությունը նոր օրենսդրական հիմք է պատրաստում, որպեսզի այդ սահմանափակումները կիրառելի լինեն այլ՝ ավելի մեղմ իրավական ռեժիմի պայմաններում: Նույնիսկ այդ հեղհեղուկ պատճառաբանությունների տողատակից նշմարվում է, որ արտակարգ դրությունը կառավարությանը պետք է բացառապես նրա համար, որ խստացումները սահմանվեն և կիրառվեն ԱԺ-ն շրջանցելով: Այլապես ինչպե՞ս է թեսթավորված քաղաքացիների իրական թիվը չիմացող պարետը հիմնավորում խիստ իրավական ռեժիմի երկարաձգումը: Արտակարգ դրության անցած չորս ամիսներին բուն համավարակի տարածման դեմ գրեթե ոչ մի քայլ չի կատարվել, դեռևս կան սոցիալական խմբեր և դեռ նորերն են ի հայտ գալի, որոնք սոցիալական ամենաօպերատիվ աջակցության կարիք ունեն, կառավարության հակաճգնաժամային տնտեսական միջոցառումները օդ կրակած փամփուշտներ են դարձել, պետությունը նոր արտաքին պարտք է կուտակում, երկիրը խփել է համաճարակային գրեթե բոլոր հակառեկորդները: Հիմա արտակարգ դրությունը երկարաձգում են, որ ի՞նչ անեն:

Մյուս կողմից, եթե արտակարգ դրության շարունակական երկարաձգումը առավելապես քաղաքական նպատակ չունի, ի՞նչն էր խանգարում կառավարությանը վերը նշված օրենսդրական հիմքերը նախապատրաստելու և այսօր դա խորհրդարան բերելու: Արդյո՞ք պատճառն այն է, որ, համաճարակի դեմ պայքարը թողած, ամբողջ իշխանական ապարատը և նույնիսկ առողջապահության նախարարն անձամբ լծված են ներքաղաքական խնդիրներ լուծելուն, ժամանակավրեպ ու ոչ միանշանակ ընկալվող օրենքներ ընդունելուն, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումներ բանեցնելուն:

Ինձ, որպես այս երկրի քաղաքացի, մի հարց է հետաքրքրում: ԱԺ ճանապարհին պարետ Ավինյանը ինքն իրեն հարցրե՞լ է. «եթե իմ կառավարությունը վարակակիր քաղաքացիներին ուղարկում է տնային բուժման, եթե ամեն օր բիզնեսներ և աշխատատեղեր են փակվում, եթե կառավարությունը վերածվել է վիրուսի պատճառով զուտ մահերը արձանագրողի, ո՞ւմ է պետք այս չիպոլինոյական սահմանափակումների արտակարգ դրությունը»: Վստահ եմ, որ եթե նույնիսկ այդ հարցն իր մոտ ծագել է, ապա միայն մի ակնթարթ: Քանզի ինքն էլ, վարչապետն ու ողջ իշխանական վերնախավն էլ լավ գիտի, թե ի՞նչ որակի ԱԺ է գնում: Եթե այնտեղ լուրջ դիմադրություն լիներ և քաղաքական իշխանությունն էլ արդեն հարմար տեղավորված չլիներ իրավական սանձարձակության բազկաթոռին, այսօր բոլորովին այլ հակահամաճարակային և ներքաղաքական պատկեր կունենայինք:

Առայժմ հաստատուն են միայն դիմակային քարոզչությունը և տուգանքները:

 

Հեղինակ: Eduard Saribekyan