Foto

Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր գործընկեր Ալեքսեյ Սանդիկովի հետ այսօր հանդիպել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

«Քննարկել ենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցեր։ Որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար՝ դեսպանին ներկայացրել եմ մեր երկրում ընթացող ներքին քաղաքական զարգացումները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրականացվող օրենսդրական փոփոխություններին, մասնավորապես «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծով առաջարկվող կարգավորումներին, Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին։

Երկկողմ հարաբերությունների առաջմղման համատեքստում կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ ընդգծելով հատկապես կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ստեղծված իրավիճակում ընթացիկ հարցերը խորհրդարանական դիվանագիտության ճանապարհով կարգավորելու հանգամանքը։

Այս առումով ընդգծվել է համաճարակի դեմ պայքարում Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ջանքերի կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել այս օրերին կանոնավոր ավիափոխադրումների բացակայության պայմաններում ՀՀ և ՌԴ քաղաքացիների՝ իրենց երկրներ վերադարձի ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին»,- տեղեկացրել է նա։