Foto

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրին՝ նախարար Պապիկյանը բարձր է գնահատել Գերմանական զարգացման գործակալության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KFW) արդյունավետ ներգրավվածությունն ու աջակցությունը` ՀՀ վարչատարածքային բարեփոխման, միավորված համայնքներում ծառայությունների բարելավման և համայնքային ենթակառուցվածքների զարգացման գործում:

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել KFW բանկի՝ Հայաստանում գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի արդիականացման ծրագրի վերսկսմանը միտված գործընկերային և կառուցողական մոտեցման նկատմամբ:

Իր հերթին դեսպան Բանցհաֆը խոսել է բազմաբնակավայր համայնքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնման, ինչպես նաև ջրային և էներգետիկ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունից և վերահաստատել գերմանական կողմի պատրաստակամությունը աջակցելու ՀՀ կառավարությանը դրանց իրագործման հարցում:

Դեսպանի խոսքով՝ Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև առկա սերտ համագործակցությունը դրսևորվում է հատկապես այն ոլորտներում, որոնք ղեկավարվում և համակարգվում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և KFW բանկի աջակցությամբ ՀՀ ենթակառուցվածքների արդիականացման, Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման, ինչպես նաև Վրաստան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրերի ընթացքին և դրանց հետագա իրագործմանը:

Երկուստեք կարևորվել է անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը, որը թույլ կտա սեղմ ժամկետներում հաղթահարել համավարակով պայմանավորված առկա խոչընդոտները և ապահովել վերոնշյալ ծրագրերի կայուն շարունակականությունը: