Foto

Սուտի վարկանիշ՝ համաճարակի ֆոնին

«GALLUP International Association»- ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ընկերությունը հեռախոսային հարցում է իրականացրել 1002 անձի շրջանակներում և այսօր պաթոսով հրապարակել, որ քաղաքացիները հավանուրթյուն են տալիս Ազգային ժողովի գործունեությանը՝ 54,7%, կառավարության գործունեությանը՝ 67,9%, նախագահի գործունեությանը՝ 79,3, վարչապետի գործունեությանը՝ 85%»: Ընդդիմությանը «հավանել» է 22,7%, բայց դա արդեն էական չէ:

Հավատա՞լ, թե՞ ոչ այս արդյունքներին, յուրաքանչյուր քաղաքացու անձնական իրավունքն է, բայց մի քանի դիտարկում բերեմ, որ կասկածի տակ են դնում այս թվերի իսկությունը: Նախ, սա այն ընկերությո՞ւնը չէր, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին նախընտրական վարկանիշներ էր հրապարակում, որոնք, ինչպես պարզվեց, միայն Մուկուչյանի թվերի համար լեգիտիմ նշաձող էին ապահովում: Հիմա ըստ էության:

Երկրում վերջին երկու տարվա ընթացքում ոչ մի էական ներդրում չի կատարվել, տնտեսական ցուցանիշները պաշտոնական ներկայացմամբ աճել են, բայց սպառողական գները թանկացել, աշխատատեղերը կրճատվել: Այս տարվա վիճակագրությունն ուղղակի սարսափելի է նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ, կորոնավիրուսը մոլեգնում է ամենուր և օրական տասնյակ կյանքեր է տանում,բայց արի ու տես, որ կառավարության վարկանիշը մոտ 70 տոկոս է: Հաստատաբար դա առողջապահության նախարարի հակավարկանիշն է:

2018-ի «թավշյա» իրադարձություններից հետո հասարակությունը բաժանվել է ամենահնարավոր հակամարտ խմբերի՝ սև-սպիտակ, նախկին-նոր, բնիկ-եկվոր, տուգանող-տուգանվող, գիտակից-տգետ, ռուասամետ-արևմտամետ և այլն, և այլն: Այս բաժանարար գծերն ամեն օր ընդգծվում են երկրի վարչապետ Փաշինյանի կողմից անձամբ, ամեն օր վարչապետը բռնվում է հերթական ստի կամ մանիպուլյացիայի մեջ, բայց արի ու տես, որ վարկանիշով գերազանցում է նույնիսկ աշխարհի «մեծերին»:

Հիմա մի քանի հարց. որ այդքան բարձր վարկանիշ ունեք, ինչո՞ւ հրաժարվեցիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից, եթե մարդիկ այդքան վստահում են ձեզ, ինչո՞ւ են բողոքում գույքահարկի բարձրացումից: Ի վերջո, եթե վարչապետը 85 տոկոս վարկանիշ ունի, ինչո՞ւ չի կարողանում համոզել, որ մարդիկ փողոցում դիմակ դնեն կամ այդ դիմակը ճիշտ դնեն:

Մի առիթով գրել եմ, որ վստահությունը Վազգեն Սարգսյանինն էր, որ մի բանավոր կոչով մահապարտների գնդեր էր ռազմաճակատ տանում: Ձեզ ոչ միայն  չեն վստահում, այլև բացահայտ արհամարում են ձեր կոչերն ու ծիծաղում ձեր քաղաքական ու պրոֆեսիոնալ տհասության վրա: Ձեզ նույնիսկ ձեր թիմակիցները չեն լսում ու վստահում (առանց դիմակի և սրճարաններում քեֆ քաշող, ծածուկ հարսանիք անող պաշտոնյաներ, ամեն օր կոռուպցիոն սկանդալներում հայտնվող ազգականներ ու ընկերներ), էլ ուր մանց գործազուրկ, բուժօգնությունից զրկված, օրվա հացի համար հանցագործության գնացող քաղաքացիները: Գոնե դուք ինքներդ գիտե՞ք, թե ում համար են այս թվերը:

Սա ընդհանոր պատկերն է, որ իրականությունն է: Իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ 1002-ի հարցման արդյունքներին, ապա ո՞ր խելոքը, եթե նույնիսկ ինքը՝ Թունյանի հարևան Պողոսն է, այս տոտալ ահուսարսափի, ռեպրեսիաների մթնոլորտում հեռախոսով ձեզ այլ պատասխան կտար: Հեռախոսահամարները հիմա ձեր «թեթև ձեռքով» տեղորոշվում են ու ամեն մի քաղաքացի ԱԱԾ պատանի հետախույզների «աչալուրջ» հսկողության տակ է: Ո՞վ է խելքը հացի հետ կերել, որ ձեր թանին թթու ասի: Բայց շատ չուրախանաք՝ երբ բանը հասնի իրական կամարտահայտմանը, կզգաք կեղծ վարկանիշների դառը համը:

 

Հեղինակ: Eduard Saribekyan