Foto

Մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվի նաև «Երևանի քիմիա դեղագործական ֆիրմա» ԲԲԸ-ն

Գործադիրը թույլատրել է «ՍՋՆ Ռոլլմեն վորլդ» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է արդյունաբերական նշանակության էլեկտրական շարժիչների առանցքակալների պատրաստման համար (ք. Երևան)՝ իրականացնելով 624 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների և այլ սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 3 աշխատատեղ, կստեղծվի 20 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 720 մլն դրամ, որից 120 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 240 մլն դրամի արտադրանքը` ՌԴ տարածքում, 360 մլն դրամի արտադրանքը՝ ԱՄԷ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 458 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 35.4 մլն դրամ:

Մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվի նաև «Երևանի քիմիա դեղագործական ֆիրմա» ԲԲԸ-ն: Նրմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործելու է դեղամիջոցների արտադրության համար՝ իրականացնելով 25 մլն դրամի ներդրում: Ընկերությունը 2017 թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրվել է 86 մլն դրամի ներդրում և ստեղծվել է 18 նոր աշխատատեղ:Ներկայում առկա է 195 աշխատատեղ, կստեղծվի ևս 15-20-ը՝ 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.5 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 464 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 23.2 մլն դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ «Ափսթարթ լաբ» ՍՊԸ-ն ներառվել է «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար: Ծրագրի շրջանակում (2020-2024թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 110 000 000 դրամ: Ծրագրի ընթացքում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 300 000 դրամից (առաջին տարում) մինչև 650 000 դրամ (հինգերորդ տարում) միջին ամսական աշխատավարձով: Ընկերություն գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 12 քմ գրասենյակային տարածք «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում, որն ընդլայնվելու է՝ հասնելով 90 քմ մակերեսի հինգերորդ տարում: «ԷԿՈՍ» ՍՊԸ համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 5 տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով: