Foto

Վանաձորում նոր ինֆեկցիոն հիվանդանոց կկառուցվի

Վանաձորում նոր ինֆեկցիոն հիվանդանոց կկառուցվի, կառավարության այսօրվա նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Սպասում ենք Կայունացման և զարգացման եվրասիական ֆոնդի կողմից համաձայնագրի կնքմանը, Վանաձորում կառուցելու ենք նոր ինֆեկցիոն հիվանդանոց՝ պայմանավորված կորոնավիրուսային այս վիճակով՝ Վանաձորի ԲԿ-ի տարածքում, որը շատ կարևոր է, որովհետև հին շենքը ոչ հնարավոր էր վերանորոգել, ոչ էլ համապատասխանում էր կանոններին»,- նշեց Թորոսյանը։

Նա հավելեց՝ այս տարի աննախադեպ ծավալի նոր կառուցվող, վերակառուցվող և վերանորոգվող բժշկական հաստատություններ ենք ունենալու։

«Մենք ևս երկու խոշոր օբյեկտ ունենք Համաշխարհային բանկի մեր ծրագրի շրջանակներում նոր կառուցվելիք։ Առաջին՝ Մարտունու բժշկական կենտրոնի շինարարությունը կսկսվի մոտ օրերս։ Մենք հիմա սպասում ենք պայմանագրի ապահովման տրամադրմանը կապալառուի կողմից։ Ամեն ինչ արդեն պատրաստ է՝ թե շինհրապարակը, թե ֆինանսավորումն սկսելու համար։ Շուտով կհայտարարվի նաև Վայոց Ձորի բժշկական կենտրոնի ամբողջական կառուցման մրցույթը։ Այսինքն՝ այս երկուսն ամբողջությամբ զրոյից են կառուցվելու և համապատասխանելու են միջազգային բոլոր չափանիշներին»,- ասաց Թորոսյանը։

Նա նշեց, որ այս ամբողջ աշխատանքն անելուց հետո պրակտիկորեն չենք ունենալու որևէ բժշկական հիմնարկ ՀՀ ամբողջ տարածքում, որը կարիք է ունենալու էական ներդրման կամ կապիտալ վերանորոգման։ «Այ ամբողջի իրականցումն, իհարկե, կտևի 2-3 տարի, բայց դա կարևոր ձեռքբերում կլինի ոլորտի և երկրի համար»,- նշեց նա։